Խոսքը «խաղաղությունը չվտանգող» Սահմանադրության մասին է. Սրբուհի Գալյան

ՀՀ նոր Սահմանադրությունը պետք է լինի խաղաղությունը և խաղաղության պայմանագիրը, խաղաղությանը միտված հարաբերությունները չվտանգող։ ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը` պատասխանելով հարցին, թե ի՞նչ է ենթադրում Նիկոլ Փաշինյանի ձևակերպած «տարածաշրջանային նշանակություն» եզրույթը։

«Մենք մեր գործելակերպը ցանկացած դեպքում պետք է կառուցենք այնպես, որ մեր երկրում հաստատվի խաղաղություն և անվտանգային միջավայր։ Մեր գործող Սահմանադրությունն այդ իմաստով, չեմ կարծում, որ որևէ բանով խանգարում է։ Խաղաղության գործընթացը չվտանգելու համար խնդիրը միայն Սահմանադրության փոփոխությունը չէ, այլ վերաբերում է բոլոր օրենքներին, իրավական ակտերին, մեր` որպես քաղաքացիների և որպես կառավարություն գործելաոճին»,- հայտարարեց Գալյանը։

Ըստ նրա` իրենք այն կառավարությունն են, որ միտված է վերջնական խաղաղության հաստատմանը։

«Նորից եմ կրկնում` Սահմանադրության միակ տերը ժողովուրդն է` ունենա՞լ X Սահմանադրություն, թե՞ ոչ։ Մեր կյանքը ստատիկ չէ ու անընդհատ փոփոխվում է, այդ փոփոխությունները երբեմն կրում են աշխարհաքաղաքական բնույթ։ Շատ իրավիճակներ մենք չենք կարող կանխատեսել, դրա համար նոր իրողություններին շատ դեպքերում պետք է հարմարվենք»,– ընդգծեց նախարարը` ավելացնելով, որ լինելու են բովանդակային փոփոխություններ, Սահմանադրության անփոփոխելի հոդվածները կմնան անփոփոխ։

Տեսանյութեր

Լրահոս