Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնությունը, ստորագրման դեպքում, կարող է փոխել ողջ տարածաշրջանը. Ջեյմս Ուորլիք

Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են խաղաղ համաձայնագրի տեքստի վրա աշխատանքների ավարտման մասին, սակայն Բաքուն առաջ է քաշել երկու նախապայման համաձայնագրի ստորագրման համար։ Ամերիկացի նախկին դիվանագետները «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հետ զրույցում քննարկում են հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումներն ու համաձայնագրի տեքստի համաձայնեցումը։

Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ողջունել է Երևանին և Բաքվին «պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու առթիվ»։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի անունից տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանին և Ադրբեջանին՝ պատմական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ավարտելու առթիվ։ Սա հնարավորություն է, որպեսզի երկու երկրները շրջեն տասնամյակների հակամարտության էջը՝ համաձայն ավելի խաղաղ աշխարհի՝ նախագահ Թրամփի տեսլականի։ Այժմ ժամանակն է հանձնառու լինելու խաղաղությանը, պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասի ժողովուրդների համար բարգավաճման նոր դարաշրջանի մեկնարկին», – ասված է պետքարտուղարության ուղերձում։

Հիշեցնենք, որ հինգշաբթի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունները հայտարարեցին խաղաղ համաձայնագրի տեքստի վրա աշխատանքներն ավարտելու մասին։

Բաքուն, սակայն, երկու նախապայման է առաջ քաշել համաձայնագրի ստորագրման համար. դրանք են Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։

Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռիչարդ Կազլյարիչը դրական է գնահատում ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը հայ-ադրբեջանական համաձայնության մասին, սակայն, ըստ նրա, «այն չի սահմանում ԱՄՆ-ի որևէ կոնկրետ դերակատարություն այն հաջորդ քայլերում, որոնք, ըստ պետքարտուղարության, պետք է ձեռնարկեն Հայաստանն ու Ադրբեջանը՝ խաղաղ հարաբերություններ հաստատելու համար»։ Կազլյարիչի կարծիքով՝ Վաշինգտոնը պետք է շարունակի դիվանագիտական և այլ տեսակի աջակցություն ցուցաբերել կողմերին՝ խաղաղության հաստատման համար։

«Կարծում եմ, որ մենք կարող ենք շարունակել մեր ներգրավվածությունն այն ոլորտներում, որտեղ արդեն ցուցաբերել ենք աջակցություն։ Օրինակ, մենք նպաստել ենք ականազերծման գործընթացին՝ օգնելով թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին, և սա մի ուղղություն է, որը ԱՄՆ-ը կարող է շարունակել զարգացնել։ Բացի այդ, մենք կարող ենք դրական ազդեցություն ունենալ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցում՝ խրախուսելով նրանց առաջ շարժվել դեպի հարաբերությունների նորմալացում», – “Ամերիկայի ձայնի” հայկական ծառայության հետ զրույցում ընդգծել է Կազլյարիչը։

Նախկին դեսպանի խոսքով՝ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին առկա են մի շարք մարտահրավերներ, որոնք անհրաժեշտ է հասցեագրել։ Դրանց թվում են ԵՄ քաղաքացիական դիտորդների առկայությունը հայ-ադրբեջանական սահմանին, տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավման մեխանիզմները պայմանագրի ստորագրումից հետո։

«Վերջին դրույթը ընդգրկում է ողջ սպեկտրը՝ ականազերծումից և չպայթած արկերի չեզոքացումից մինչև հարևան պետությունների միջև կայուն ու բնականոն հարաբերությունների հաստատում։ Այսպիսով, կարծում եմ՝ անհրաժեշտ է համապարփակ լուծումներ գտնել վերոնշյալ չորս ուղղություններով», – ասում է Կազլյարիչը։
Անդրադառնալով Ռուսաստանի ներգրավվածությանը հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացում և հարավկովկասյան տարածաշրջանում՝ Ռիչարդ Կազլյարիչը նկատում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Պուտինի հետ, ինչը վկայում է ռուսական կողմի հետաքրքրության մասին այս գործընթացում։ Սակայն, ըստ նախկին դեսպանի, այսօր Մոսկվան շարունակում է որպես առաջնահերթություն դիտարկել Ուկրաինան։

«Չեմ կարծում, որ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերականգնմամբ։ Դա ներկայումս չի համապատասխանում նրանց կարճաժամկետ շահերին։ Հետևաբար, Մոսկվան ձգտելու է ապահովել, որ խաղաղության գործընթացում իր ներգրավվածությունն ակնհայտ լինի, սակայն առանց ստեղծելու այնպիսի պայմաններ, որոնք կստիպեն Ռուսաստանին շեղվել Ուկրաինայում իր գլխավոր առաջնահերթությունից», – ասում է Կազլյարիչը։

Իր հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքի կարծիքով՝ այս վերջին զարգացումների ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գոյության անհրաժեշտություն չկա։

«Հուսով եմ, որ ԵԱՀԿ-ն կարող է շարունակել դերակատարում ունենալ տարածաշրջանում։ Բայց Մինսկի խմբի ժամանակն անցել է», – “Ամերիկայի ձայնի” հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել է դեսպան Ուորլիքը։

Վերջինիս խոսքով՝ հայ-ադրբեջանական համաձայնությունը դրական զարգացում է, որը, ստորագրման դեպքում, կարող է վերափոխել ողջ տարածաշրջանը։

«[Խաղաղության պայմանագրի] ստորագրման ճանապարհին դեռևս կան որոշ խոչընդոտներ, որոնց լուծումը կարևոր է։ Սակայն կարծում եմ, որ դա հնարավոր է։ Խաղաղության պայմանագրի առկայությունը նոր դարաշրջան կբացի, հատկապես Հայաստանի համար։ Ժամանակի ընթացքում այն կխթանի տարածաշրջանի բոլոր երկրների, հատկապես Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավմանը», – նշում է Ուորլիքը։

Նրա կարծիքով՝ այս զարգացումը կնպաստի Հայաստանի էներգետիկ և առևտրային կախվածության նվազմանը Ռուսաստանից՝ հնարավորություն տալով Երևանին ավելի խորացնել հարաբերությունները Արևմուտքի, Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ։

Ուորլիքը ընդգծում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը, սակայն, չի վերացնի կողմերի միջև առկա անվստահությունը։ Նրա խոսքով՝ դա մնում է խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտներից մեկը։ Վստահության վերականգնման համար անհրաժեշտ կլինի ժամանակ և հետևողական քայլեր՝ այն ամրապնդելու համար։

Տեսանյութեր

Լրահոս