
Շինծու դատավարություն Բաքվում. հարցաքննվել են Արայիկ Հարությունյանն ու Բակո Սահակյանը

Այսօր Բաքվում նոր «ցուցմունքներ» են կորզել Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանից և Բակո Սահակյանից։
Ինչպես գրում է ադրբեջանական մամուլը, Բակո Սահակյանն ասել է, որ Ղարաբաղի տարածքում «Իսկանդեր-Մ» և «Տոչկա-Ու» չի եղել, և այդ զենքերը Ադրբեջանի ուղղությամբ կիրառվել են Հայաստանի տարածքից:
Ըստ նույն աղբյուրների` Արայիկ Հարությունյանն էլ ասել է, որ ինքը Գյանջայի ռմբակոծության մասին տեղեկությունը ստացել է Հայաստանի գլխավոր շտաբի պետից (Օնիկ Գասպարյան. խմբ.):
Հաջորդ նիստը կանցկացվի մարտի 17-ին։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: Չնայած գործի նյութերը մյուսների հետ միավորելու նրա խնդրանքին` դատարանը որոշել է 422 հատորներից 400-ը դիտարկել առանձին:
Փետրվարի 26-ին հայտնի դարձավ,, որ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, քանի որ նա ադրբեջանական բանտում փետրվարի 19–ից հացադուլ է սկսել։