Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի բանակցությունների ավարտը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը։

«Աջակցում ենք այս կարևոր քայլին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման ճանապարհին, ինչպես նախատեսված է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թթ. եռակողմ պայմանավորվածություններով»,-  Զախարովայի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Մոսկվան պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների շփումների համար, ինչը կնպաստի երկկողմ հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության պայմանագրի ստորագրմանը։

«Վերահաստատում ենք մեր առաջարկը՝ ռուսական հարթակ տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների շփումների համար՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման և հայ-ադրբեջանական կարգավորման հարցերի ողջ շրջանակում»,-հավելել է դիվանագետը։

Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան նպատակ ունի նպաստել Բաքվի և Երևանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

Տեսանյութեր

Լրահոս