
Ռուսաստանն ԱՄՆ-ից լրացուցիչ տեղեկություններ է ստացել Ուկրաինայի վերաբերյալ. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ուշ երեկոյան լսել է ամերիկացի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին և նրա միջոցով տեղեկություններ և լրացուցիչ ազդանշաններ է փոխանցել Դոնալդ Թրամփին: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Պուտինը պաշտպանում է ԱՄՆ նախագահի դիրքորոշումն Ուկրաինայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, սակայն մատնանշել է հարցեր, որոնց պատասխանը պետք է միասին գտնել:
«Դուք երեկ լսել եք նախագահ Պուտինի շատ կարևոր հայտարարությունը։ Պատասխանելով լրագրողների հարցին՝ նա ասել է, որ աջակցում է նախագահ Թրամփի դիրքորոշմանը կարգավորման առումով, սակայն հնչեցրել է որոշ հարցեր, որոնց պատասխանը պետք է համատեղ գտնել: Այդ պատճառով իսկապես, դեռ շատ անելիքներ կան, բայց, այնուամենայնիվ, նախագահը համերաշխություն է հայտնել պարոն Թրամփի դիրքորոշմանը»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ դեռևս համաձայնեցված չէ, թե երբ կկայանա Պուտինի և Թրամփի զրույցը, այն կորոշվի ԱՄՆ նախագահին Ուիթքոֆի զեկույցից հետո: Թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ը հասկանում են, որ երկու առաջնորդների զրույցն անհրաժեշտ է։