ԵԽ-ն ընդունեց Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերաբերյալ հրատապ բանաձևը

Քիչ առաջ Ստրասբուրգում ընթացող Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակում ընդունվեց Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրով բանաձևը։

Բանաձևի օգտին քվեարկեց եվրապատգամավորների ճնշող մեծամասնությունը, այն ընդունվեց 523 կողմ, 3 դեմ և 84 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Բանաձևում նշվում է, որ Եվրախորհրդարանն Ադրբեջանում պահվող հայերին, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարությանը, համարում է ռազմագերի, դատավարությունները՝ ապօրինի և կեղծ՝ պահանջելով Բաքվից նրանց անհապաղ ու առանց նախապայմանների ազատ արձակել։

Նախօրեին ԵԽ-ում բանաձևը քննարկվեց։ Քննարկումն իր ելույթով բացեց բանաձևի նախաձեռնողներից Միրիամ Լեքսմանը, ով հայտարարեց, որ Բաքվում ավելի քան 20 քաղաքական պատանդներն անմարդկային պայմաններում են պահվում և նրանց նկատմամբ կեղծ դատավարություններ են իրականացվում, որոնք կարող են հանգեցնել ցմահ ազատազրկման:

Կարդացեք նաև

«Մենք պետք է շտապ քայլեր ձեռնարկենք, հասցեագրենք բողոքները, անդրադառնանք մարդու հիմնարար իրավունքների ակնհայտ խախտումներին և երաշխավորենք, որ գերիներն անհապաղ և առանց նախապայմանների ազատ կարձակվեն»,- նշեց Լեքսմանը։

Եվրախորհրդարանի պատգամավոը կոչ արեց պատժամիջոցներ սահմանել Բաքվում պահվող հայ պատանդների կեղծ դատավարություններում ներգրավված ադրբեջանցի դատախազների և դատավորների նկատմամբ։

Բանաձևի մեկ այլ նախաձեռնող՝ ԵԽ պատգամավոր Նատալի Լուազոն, Բաքվի շինծու դատավարությունները նմանեցրեց Ստալինյան դատավարությունների հետ։ «Այսօր այստեղ ենք՝ պահանջելու ազատ արձակել Բաքվի կողմից պահվող 23 հայ պատանդներին, որոնց նկատմամբ անարդար դատավարություն է իրականացվում։ Ընթացող այս դատավարությունը կարելի է համեմատել ստալինյան դատավարությունների հետ»,- նշեց պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս