
«Եթե Ադրբեջանը ռմբահարի Երևանը, քո մեղավորությունը կլինի՞»․ Դուդի սկանդալային հարցը՝ ադրբեջանցի, Ալիևի մտերիմ Ռովշան Ասկերովին

Ռուսական «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի նախկին մասնակից, լրագրող, Իլհամ Ալիևի շրջապատից Ռովշան Ասկերովը, որը երկար տարիներ ՌԴ-ում գործունեություն ծավալելուց հետո հետախուզման մեջ է ՌԴ ԶՈՒ-ի դեմ հայտարարությունների համար, հարցազրույց է տվել սկանդալային ռուս լրագրող, վիդեոբլոգեր Յուրի Դուդին։ Նշենք, որ Յուրի Դուդը Ռուսաստանում օտարերկրյա գործակալների ցանկում է և գործունեությունը ծավալում է ՌԴ-ից դուրս։
Յուրի Դուդի ուղիղ հարցին՝ «եթե Ադրբեջանը՝ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ, Աստված չանի, որոշի ռմբակոծել Երևանը՝ միջանցք կտրելու, աշխարհաքաղաքական, տարածքային իր խնդիրները լուծելու նպատակով, եթե նման որոշում կայացնի, ենթադրենք, որ նա այդպիսի որոշում կկայացնի, դրանում կլինի՞ քո մեղավորությունը», Ռովշան Ասկերովը պատասխանում է՝ երևի թե այո։
«Ես ապրում եմ այդ երկրում, բայց ես քեզ կասեմ, որ դա անպետք բան է, դու՝ որպես լրագրող-հարցազրուցավար, պատմություն ես հորինում»,- նշել է Ասկերովը՝ փորձելով չեզոքացնել Դուդի ուղիղ ու իր համար տհաճ հարցը։
Ի պատասխան՝ Դուդը հստակեցնում է, որ լսել է հայտարարություններ Ադրբեջանից դեպի Նախիջևան «միջանցքի» մասին։
Ասկերովը, փորձելով արդարացնել ալիևյան քաղաքականությունը, անհասկանալի արձագանքներ է տվել՝ ասելով, թե որևէ մեկը չգիտի, որ դա Ադրբեջանի առջև դրված խնդիր է։ Ներկայումս, նրա խոսքով, Ադրբեջանի խնդիրը և ցանկությունը Խաղաղ համաձայնագիր ստորագրելն է, որպեսզի պատերազմն ավարտվի, որպեսզի լինի խաղաղ համաձայնագիր։ Եվ ամեն բան, ըստ Ասկերովի, հանգում է միայն մեկ կետի՝ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրության կետը, որում սևով սպիտակի վրա գրված է, որ Ղարաբաղի տարածքը մտնում է իր կազմի մեջ։
«Եթե սահմանափակվում եք ներկայիս սահմաններով, վե՛րջ, նույն պահին ստորագրում ենք»,- ասել է Ասկերովը։
Նա նշել է, որ դա իբրև թե միակ կետն է, որին Հայաստանը չի համաձայնում, թեև Նիկոլ Փաշինյանը հայտարարել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին՝ նույնիսկ նախօրեին հայտարարելով դրա տարածաշրջանային իմաստի մասին։
Ասկերովի այս պատասխանից հետո ևս Դուդը «չի հանձնվել» և կրկին ուղղել է նույն հարցը, սակայն՝ ավելի կարճ ու հստակ։
Ասկերովը պատասխանել է, որ նման բան լինելու դեպքում կլինի նաև իր մեղավորությունը, ապա սկսել է փնտրել այլ պատճառներ՝ նշելով, թե ոչինչ առանց պատճառի չի լինում։
«Եթե Հայաստանը հարձակվի․․․»,- ասել է Ասկերովը, սակայն Դուդն ընդհատել է նրան՝ նշելով, թե այդ տարբերակը չի քննարկում, այլ քննարկում է Ադրբեջանի հարձակման տարբերակը՝ միջանցք կտրելու նպատակով։
«Այսինքն՝ օկուպացիոն պատերա՞զմ»,- հստակեցրել է Ասկերովը, որին վիդեոբլոգերը դրական պատասխան է տվել։
Հարցազրույցի այս հատվածում իր պատասխանն Ասկերովն ամփոփել է՝ ասելով, որ դա կլինի նաև իր մեղավորությունը, պատրաստ է այն կիսել, քանի որ Ադրբեջանի քաղաքացի է։
Պատրաստեց 168.am-ը