
Մենք դինամիկ երկխոսություն ենք վարում Թուրքիայի հետ․նպատակն է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը․ Միրզոյան

Այս պահին Հայաստանը բավականին դինամիկ երկխոսություն է վարում Թուրքիայի հետ, որի նպատակն է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։Այդ մասին հնդկական WION լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանը չորս հարևան ունի։ Մեր արևելյան հարևանը Ադրբեջանն է, որի հետ մենք փորձում ենք հաստատել խաղաղություն և միջպետական հարաբերություններ՝ շրջելով տարածաշրջանում թշնամանքի էջը։ Մեր արևմտյան հարևանը Թուրքիան է, որի հետ Հայաստանի սահմանները փակ են արդեն երեք տասնամյակից ավել։ Այս պահին մենք բավականին դինամիկ երկխոսություն ենք վարում Թուրքիայի հետ, որի նպատակն է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանների բացումը։ Մինչ այժմ մեզ հաջողվել է որոշակի փոքր, բայց շոշափելի քայլեր կատարել, սակայն մի շարք պայմանավորվածություններ դեռ չեն իրականացվել»,- մանրամասնել է Միրզոյանը։
«Մենք արդեն համաձայնեցրել ենք, որ սահմանը նախ պետք է բացվի երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի դիվանագիտական անձնագիր ունեցողների համար։ Վերջին կետն առայժմ կյանքի չի կոչվել, բայց մենք շարունակում ենք երկխոսությունը։ Եվ ևս մեկ անգամ, եթե հարաբերությունները լիովին կարգավորվեն, դա շահավետ կլինի ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս գտնվող մի շարք այլ դերակատարների համար»,- պարզաբանել է ՀՀ ԱԳ նախարարը։
Ինչ վերաբերում է Հայաստանի մյուս երկու հարևանների՝ հյուսիսում՝ Վրաստանի և հարավում՝ Իրանի հետ հարաբերություններին, Միրզոյանը շեշտել է, որ երկար տարիներ շարունակ ՀՀ-ն շատ լավ հարաբերություններ է ունեցել նշված երկրների հետ և կենտրոնացած է այդ կապերի խորացման վրա։
«Մենք հասկանում ենք, որ դուք հատկապես հետաքրքրված եք Իրանի հետ հարաբերություններով, քանի որ աշխարհագրական տեսանկյունից, երբ դիտարկում ենք Հնդկաստանն ու Հայաստանը, ակնհայտ է, որ մենք ձգտում ենք խորացնել մեր կապերը։ Իհարկե, պետք է ուշադրություն դարձնենք նաև այն երկրներին, որոնք գտնվում են մեր միջև։ Եվ Իրանն, անկասկած, այն երկիրն է, որի հետ համագործակցությունը խորացնելու մենք մեծ հետաքրքրություն ունենք, այդ թվում՝ ձեր նշած եռակողմ ձևաչափում»,- նշել է Միրզոյանը։