
Հայաստանը հետաքրքրված է հնդկական պաշտպանական սարքավորումների գնմամբ, սակայն մտադիր չէ դրանք կիրառել 3-րդ կողմի դեմ, քանի որ հետևում է խաղաղության օրակարգին. Միրզոյան

Հնդկական արտադրության պաշտպանական սարքավորումները հետաքրքրություն են ներկայացնում Հայաստանի համար, սակայն դրանք երրորդ կողմի դեմ կիրառելու մտադրություն չկա. այս մասին WION-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ առանցքային ուշադրություն դարձնելով պաշտպանական հատվածի բարեփոխմանը:
Աղբյուրը նկատում է, որ Հայաստանն ու Հնդկաստանը վերջին տարիներին զգալիորեն խորացրել են պաշտպանական ոլորտում համագործակցությունը. Հնդկաստանը դարձել է Հայաստանին ռազմական տեխնիկայի հիմնական մատակարար, Հայաստանը ձեռք է բերել Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր՝ դառնալով մաքուր հնդկական արտադրության պաշտպանական միջոցների առաջին միջազգային գնորդը:
«Դե, ակնհայտորեն, պաշտպանությունն այն ուղղություններից է, այն ոլորտներից, որտեղ մենք շատ սերտ համագործակցություն ունենք Հնդկաստանի հետ։ Եվ ենթադրում եմ, որ այս համագործակցությունը շարունակաբար կխորանա։ Բայց այն, ինչ ուզում եմ նշել, այն է, որ այս համագործակցությունը, և մասնավորապես, Հայաստանի՝ հդկական արտադրության որոշ կոնկրետ սարքավորումների գնումը նպատակ չունի դրանք կիրառել երրորդ կողմի դեմ։ Դուք հավանաբար տեղյակ եք, որ Հայաստանն ունի խաղաղության օրակարգ։ Մենք խաղաղ բանակցություններ ենք վարում մեր արևելյան հարևանի հետ: Բայց նաև, ընդհանուր առմամբ, մենք շատ կենտրոնացած ենք խաղաղության և կայունության հաստատման և մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման վրա։ Այսպիսով, մենք գտնվում ենք մեր պաշտպանության ոլորտի, մեր բանակի բարեփոխման, արդիականացման գործընթացի մեջտեղում, և այստեղ որոշ կոնկրետ ոլորտներում Հնդկաստանի փորձը, ինչպես նաև Հնդկաստանում արտադրված սարքավորումները, մեզ համար հետաքրքրություն են ներկայացնում: Բայց կրկին նշեմ, որ սա Հայաստանի պաշտպանական համակարգը բարեփոխելու համար է, և որևէ այլ երրորդ կողմի դեմ այդ համակարգերն օգտագործելու մտադրություն չկա», – ասել է Միրզոյանը։