ՆԱՏՕ-ն ԵՄ-ին և Թուրքիային կոչ է արել խորացնել համագործակցությունը. Financial Times

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն մասնավոր կարգով կոչ է արել Եվրամիության ղեկավարներին ակտիվացնել փոխգործակցությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ մի կողմ թողնելով տարաձայնությունները, և ամրապնդել անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Այս մասին հաղորդում է Financial Times թերթը (FT)՝ վկայակոչելով Ռյուտեի հայտարարություններից տեղյակ պաշտոնատար անձանց։

Հրատարակության տվյալներով՝ դա պայմանավորված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա վարչակազմի դիրքորոշմամբ՝ կապված եվրոպական անվտանգության հետ։ Ինչպես գրում է FT-ն, Բրյուսելն ուսումնասիրում է Թուրքիայի և ԵՄ-ի անդամ չհանդիսացող այլ երկրների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունը՝ եվրոպական պաշտպանական կարողությունների մեծացման շրջանակներում։

Պարբերականը հիշեցնում է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մարտի սկզբին մեկնել էր Լոնդոն՝ մասնակցելու Ուկրաինային նվիրված հանդիպմանը։ Քննարկումների ընթացքին ծանոթ երեք անձանց խոսքով՝ դրանից առաջ՝ փետրվարին, ԵՄ առաջնորդների հետ մասնավոր ճաշկերույթի ժամանակ Ռյուտեն դիմել էր ԵՄ ղեկավարներին և ընդգծել Թուրքիայի հետ համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ կոչ անելով ներկաներին ավելի ակտիվորեն փոխգործակցել Անկարայի հետ:

Թուրքիան տեխնիկապես ԵՄ-ին անդամակցելու թեկնածու է, սակայն գործընթացը վաղուց առաջ չի գնում: Դաշինքը դադարեցրել է երկխոսության տարբեր ուղիները, այդ թվում՝ անվտանգության և պաշտպանության հետ կապված, մասամբ Հունաստանի հետ լարվածության աճի պատճառով:

Մի շարք դիվանագետներ FT-ին ասել են, որ Թրամփի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնի ստանձնումը փոխել է իրավիճակը։

Թրամփը բազմիցս իր դժգոհությունն է հայտնել ՆԱՏՕ-ի գործունեությունից։ Դեռ նախագահ ընտրվելուց առաջ նա սպառնացել էր, որ ԱՄՆ-ն դուրս կգա Հյուսիսատլանտյան դաշինքից, եթե եվրոպացի գործընկերները չստանձնեն մեծ ֆինանսական պատասխանատվություն իրենց սեփական անվտանգության համար: Պաշտոնն ստանձնելուց հետո նա հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի մինչև 5%-ին հասցնելու մտադրության մասին:

Տեսանյութեր

Լրահոս