Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար սահմանված շեմը հաղթահարել է 3 թեկնածու

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթի արդյունքում Արթուր Նահապետյանը, Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը հաղթահարել են սահմանված շեմը. նրանց թեկնածությունները ներկայացվել են ՀՀ կառավարության քննարկմանը։

Կառավարությունը կընտրի առավելագույն միավորներ հավաքած թեկնածուներից մեկին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նոր ղեկավար նշանակելու համար։

Մրցույթին մասնակցել է հինգ թեկնածու, սակայն Կարեն Բատիկյանը և Արտաշես Մայիլյանը չեն հաղթահարել պահանջվող 300 միավորի շեմը։

Հանձնաժողովի քվեարկության արդյունքում թեկնածուները հավաքել են հետևյալ միավորները. Արթուր Նահապետյան (Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ)՝ 439 միավոր, Պետրոս Մարտիրոսյան (վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավար)՝ 393 միավոր, Գևորգ Քոչարյան (ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության նախկին ավագ դատախազ)՝ 379 միավոր, Արտաշես Մայիլյան (հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ)՝ 266 միավոր, Կարեն Բատիկյան (փաստաբան, նախկին քննիչ և դատախազ)՝ 90 միավոր։

Հաջորդ փուլում ՀՀ կառավարությունը պետք է քննարկի երեք անցած թեկնածուների առաջադրումները։ Որոշում կայացնելուց հետո նրանցից մեկը պաշտոնապես կդառնա Հակակոռուպցիոն կոմիտեի նոր ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս