
Ի՞նչ է ալերգիկ ռինիտը, այն վերջնական բուժում ունի՞. պարզաբանում է ալերգոլոգը
Բնության զարթոնքին զուգահեռ՝ սրվում են տարատեսակ ալերգիաները, որոնցից մեկն ալերգիկ ռինիտն է։ Պատճառների, բուժման մասին զրուցել ենք իմունոլոգիայի գծով ՀՀ ԱՆ խորհրդատու, ալերգոլոգ Սևան Իրիցյանի հետ։
– Ի՞նչ է ալերգիկ ռինիտը։
– Ռինիտ նշանակում է քթի լորձաթաղանթի բորբոքում, իսկ ալերգիկը հուշում է, որ այդ բորբոքումն ունի ալերգիկ բնույթ։ Իրականում գործը չի ավարտվում միայն քթի լորձաթաղանթով․ դրան կարող են միանալ նաև աչքերի շաղկապենին՝ կոնյուկտիվիտ կոչվող հիվանդության տեսքով, կամ շաղկապենաբորբը, ինչպես նաև ականջները, կոկորդը, քիմքը։ Սուր վիճակում բուժառուները հենց այդ օրգանների խնդիրներից էլ գանգատվում են․ քոր քթի խոռոչում, աչքերում, ականջներում, կոկորդում, արտադրության ավելացում՝ քթահոսության, արցունքահոսության տեսքով։ Դրանց ավելանում է նաև փռշտոցը՝ որպես պաշտպանական ռեֆլեքս, որպեսզի այդ արտադրությունը մաքրվի։
– Ալերգիկ ռինիտն ունի՞ տեսակներ։
– Եթե ալերգեններն ունեն սեզոնային բնույթ, ապա այն սեզոնային ալերգիկ ռինիտ տարատեսակով է, եթե ալերգենները տարին 12 ամիս առկա են, ապա շուրջտարյա ռինիտ են ապահովում։
– Հիմնականում ինչի՞ պատճառով է առաջանում ալերգիան։
– Առաջատարը մարգագետնային վայրի հացազգիների ծաղկափոշին է։ Սրա մասին երևի շատերը չեն լսել ու ուշադրություն չեն դարձնում, որովհետև ծաղիկները փոքր են, իսկ, երբ խոսում ենք ալերգիայի մասին, մարդիկ միշտ պատկերացնում են ծաղիկներ, հատկապես՝ պտղատու ծառերի ծաղիկներ կամ բարդու բամբակները, որ տարածվում են, սակայն դրանք իրականում ընդհանրապես ծաղիկ չեն, սերմեր են և ալերգիայի հետ բացարձակ կապ չունեն։ Իսկ նշված ծաղկափոշին սովորական, մեզ շրջապատող կանաչ գոտիներում աճող խոտերի ծաղկափոշին է։ Ամենատարածվածն ու հայտնին սիզախոտի ծաղկափոշին է։ Ոչնչով աչքի չընկնող բույս է, որն ամենուր տարածված է և, բնականաբար, ծաղկափոշին ընդամենը մի բջիջ է, հետևաբար՝ աչքի համար անտեսանելի և օդի, քամու միջոցով կարող է շատ մեծ տարածություններ անցնել, օրինակ, մարզերից՝ Երևան։
– Ալերգիա առաջանում է փոքր տարիքից սկսա՞ծ, թե՞ կարող է, օրինակ, 30 տարեկանում ի հայտ գալ։
– Երկու տարբերակով էլ հնարավոր է։ Եթե գենետիկ նախատրամադրվածություն ունի, ապա նորածին հասակից կարող է առաջանալ։ Հիմնականում կարող է դրսևորվել ատոպիկ դերմատիտի տեսքով, լինում է նաև մաշկի չորություն։ Իհարկե, չի նշանակում, որ ատոպիկ դերմատիտն ամբողջությամբ ալերգոլոգիական կամալերգեններով պայմանավորված հիվանդություն է, բայց շատ հաճախ մենք այդ պատկերն ունենում ենք։
Լինում է սննդային ալերգիա, որը տարիքի հետ, սովորաբար 2-3 տարեկանում, հաղթահարում են, սակայն կարճ ժամանակ հետո դրան միանում են շնչառական ալերգիաները՝ ալերգիկ ռինիտի, բրոնխիալ ասթմայի տեսքով։ Ու եթե դա չանցնի 5-10 տարեկանում, սովորաբար կարող է ձգվել մինչև չափահաս տարիք։ Մեծ հաշվով ալերգիաների մեծ մասը ժամանակի ընթացքում անցնում է։ Մնում են միայն այն ալերգիաները, որոնք, որպես կանոն, կյանքին կարող են սպառնալ, սուր դրսևորվել։
Հնարավոր է՝ կյանքի ինչ-որ փուլում մարդը պարզի, որ ալերգիա է ձեռք բերել ինչ-որ բանի հանդեպ։
Դեռևս 1970-ականներից քննարկվում են հիմնական տեսությունները, որոնք մինչև հիմա կան։ Դիտարկումներում նշվում է, որ ինչքան բնությունից կտրված պայմաններում ենք ապրում, այնքան ալերգիաներն ավելի հաճախ են լինում։ Ինչքան մաքուր, սանիտարական վիճակում ենք, այնքան կտրվում ենք բնությունից, երբ հիվանդանում ենք՝ օգտագործում ենք հակաբիոտիկներ, որոնք երբեմն կորելացվում են ալերգիաների ավելի հաճախ լինելու հետ։
– Այսպիսի խոսք կա, որ երեխաներին պետք չէ սանիտարական պայմաններում մեծացնել, քանի որ հենց նրանք են հետագայում հակված ալերգիաների։
– Այո։ Գրագետ մանկաբույժները երբեք խորհուրդ չեն տալիս, որ ամեն քայլափոխի պետք է երեխաների ձեռքերն ախտահանել, սուպեր մաքուր պայմաններում պահել։ Իհարկե, այստեղ կա նուրբ սահման, որը չպետք է անցնել ու թույլ տալ թունավորումներ, վարակումներ կամ անտեսել երեխայի հիվանդությունը։
– Եթե ծնողներից մեկը կամ երկուսն էլ ունեն ալերգիա, երեխաները ժառանգո՞ւմ են։
– Եթե նկատի ունենք երաշխավորված 100 տոկոսով, ապա՝ ոչ, բայց հավանականությունը մեծանում է։ Երկար ժամանակ փորձում են հասկանալ՝ ո՞ր գեներն են դրա համար պատասխանատու։ Չպետք է մոռանալ, որ սա շրջակա միջավայրի հետ ակտիվ կապված խնդիր է, հետևաբար՝ նրանք, ովքեր բույսերից ալերգիա ունեն, բնական է, խնդիր չեն ունենա չոր, անապատային գոտիներում։ Այսինքն, ինչքան էլ գենային նախատրամադրվածություն լինի, եթե չկա խնդիրն առաջացնող պատճառը, այս դեպքում՝ ծաղկափոշին, խնդիրը չի դրսևորվի։
– Այսինքն, ոչ թե ժամանակավոր, այլ ընդմիշտ է հեռանում։
– Այնքան ժամանակ, քանի չենք հանդիպել մեր ալերգենին։ Հիմա եթե մեզ համարում ենք ոչ ալերգիկ, բացառված չէ՝ այն պատճառով, որ չենք հանդիպել այն ալերգենին, որն ալերգիա կառաջացնի մեզ մոտ։ Իսկ դրան մեծապես նպաստում են, օրինակ, կլիմայական փոփոխությունները, երբ տարեցտարի մեր շրջակա միջավայրը փոխվում է։ Եթե առաջ կարողանում էինք հստակ ասել՝ այսինչ ամսից այսինչ բույսն է ծաղկում, հիմա եղանակային պայմանների փոփոխության պատճառով դրանք սկսում են լղոզվել, տաք պայմանները երկարաձգում են սեզոնային խնդիրները, և սեզոնային ալերգիան կարող է մինչև նոյեմբեր տևել, այն դեպքում, որ սեպտեմբերին պետք է ավարտվեր։
Ի դեպ, երբ մենք մեր շրջակա միջավայրը կանաչապատում ենք այն բույսերով, որոնք բնորոշ չեն այս տարածաշրջանին, այդ բույսերը կարող են ինչ-որ մարդկանց մոտ ալերգիաներ առաջացնել։
– Տարիներ առաջ բնակարաններում շատ էին բրդյա գորգերը, հիմա՝ համեմատաբար քիչ։ Այն ալերգիայի պատճառ հանդիսանո՞ւմ է։
– Միայն նրանց մոտ, ովքեր հենց այդ ալերգենից խնդիր ունեն։ Գորգերը, փափուկ կահույքը, անկողնային պարագաները հանդիսանում են ռեզերվուար՝ տնային փոշու տիզ կոչված կենդանու համար։ Բոլորի բնակարաններում կա, մաքրասիրության կամ այլ հանգամանքի հետ կապ չունի։ Ամեն տեղ հայտնաբերվում է։ Եվ այն մարդիկ, ովքեր այդ տզի հետ կապված ունեն ալերգիա, իրենց մոտ խնդիրներն ավելի շատ կլինեն, եթե տանն ունենան գորգ, որի մեջ մեծ քանակությամբ տիզ է լինելու։
Դրանք միկրոսկոպիկ կենդանիներ են, մեզ բացարձակ չեն վնասում, հակառակը՝ սանիտարի դեր են կատարում ու մարդու առօրյա կենսագործունեության արգասիքները, օրգանական նյութերը, օրինակ, մազը, մաշկի թեփը, որոնք մեծ քանակությամբ կորցնում ենք, դրանցով սնվում են, քայքայում, վերացնում անօրգանական նյութերի։ Խորհուրդ է տրվում փետուրից բարձը փոխարինել սինտեպոնով կամ սինթետիկ այլ մանրաթելով, բամբուկով, որոնք ուղղակի սննդային միջավայր չեն հանդիսանում այդ կենդանիների համար, շատ հեշտ են լվացվում։
– Գարնանը շատերը գնում են Ստեփանավանի Դենդրոպարկ՝ սոճիների փոշոտման ընձեռած հնարավորությունից օգտվելու։ Սա ալերգիկ ռինիտ ունեցողների համար ինչպիսի՞ ազդեցություն կունենա, և կարո՞ղ է ալերգիա չունեցողն էլ ալերգիա ձեռք բերել։
– Հուսանք, ալերգիա ձեռք չեն բերի, որովհետև ամեն դեպքում այդ սոճիների ծաղկափոշիները Երևան էլ են հասնում, իհարկե, ոչ այդ կոնցենտրացիաներով։ Բայց ալերգիկները, ասթմա ունեցողները կարող են կտրուկ վատանալ։ Դենդրոպարկում տարբեր բուսատեսակներ են, ու գնալ, մտնել ծաղկափոշային թոհ ու բոհի մեջ, երևի այնքան էլ լավ միտք չէ։ Սակայն ամեն ժողովուրդ ունի իր ժողովրդական բժշկության մեթոդները, դա էլ երևի մեր մեթոդներից մեկն է, այնպիսին, ինչպիսին քարանձավաբուժությունն է, երբ պնդում են, թե օգնում է քրոնիկ շնչառական խնդիրների լուծմանը, բայց որպես չափանիշ վերցնելով փաստահեն բժշկությունը, չի գտնվում որևէ հստակ կատարված աշխատանք, որ եթե երկու խմբի բաժանված ալերգիկ ռինիտ ունեցողներից մի խումբը գնա, մյուսը՝ ոչ, իրենց վիճակն ինչպես կլինի։ Նման հետազոտություններ չկան, որ ասենք՝ այսքան տոկոս հավանականությամբ օգնում է կամ չի օգնում։
– Ալերգիկ ռինիտ ունեցողներին խորհուրդ են տալիս քթի ադենոիդները հեռացնել, միջնապատն ուղղել, և կլավանան, սա իրականությո՞ւն է։
– Ալերգոլոգիայում չունենք նման խորհուրդներ։ Երբ քթի մեջ պոլիպներ են առաջանում, ժողովրդական լեզվով ասած՝ քթի միս, այն ադենոիդ չէ, քրոնիկ բորբոքման հետևանքով լորձաթաղանթի վրա գոյացությունների առաջացումն է, որոնք սերտ կապված են ալերգիայի հետ։ Հիմա կան բուժման նոր միջոցներ, դեղեր, որոնք բավական թանկարժեք են, գրեթե վիրահատության գնին մոտ։
Դրանց միջոցով կարելի է և՛ ասթմայի, և՛ ալերգիկ ռինիտի, պոլիպների հարցը որոշ դեպքերում՝ ժամանակավոր, որոշ դեպքերում՝ մշտական լուծել։ Իսկ քթի միջնապատի խնդիրը լուծելով՝ մտածել, որ ալերգիան կանցնի, փորձը ցույց է տալիս, որ ոչ մի կերպ չի ազդում։ Մաքսիմում 1-2 տարի, մինչև լորձաթաղանթի վերականգնելը կարող է թուլանալ, հետո նորից դրսևորվեն ալերգիաները։
– Ալերգիայից խուսափելու համար հատուկ սփրեյներ են օգտագործում կամ չփռշտալու համար՝ դեղորայք, կատարում հորմոնալ ներարկումներ։ Ընդհանրապես ալերգիկ ռինիտն ինչպե՞ս է բուժվում։
– Բուժման երկու մեթոդ կարող ենք առանձնացնել։ Մեկն ուղղակի ախտանիշների թեթևացումն է․ սպասում են, որ ախտանիշները հայտնվեն, դեղեր են ընդունում, և հիվանդությունը քողարկված ընթանում է, բուժառուն չի զգում դրա հետևանքները։ Մյուսը՝ պատճառի վրա ազդողը բուժումներ են, որոնք, ցավոք, ՀՀ-ում լայնորեն տարածված չեն՝ դեղորայքի բացակայության պատճառով։
Այս դեպքում որոշ տեսակի ալերգիկ ռինիտներ հնարավոր է արմատապես վերացնել, որը տևում է 2-3 տարի։ Բուժման տարբեր մեթոդներ են շրջանառվում, որոնցից անոթասեղմիչները՝ սփրեյներն են, որոնք գրիպի կամ նման խնդիրների դեպքում կարճատև օգտագործման համար են նախատեսված։ Մարդիկ ամիսներով են օգտագործում, այնինչ 5-7 օր պետք է կիրառեն։ Առաջանում է դեղորայքային կախվածություն ու խնդիրն ալերգիկ ռինիտից դառնում է դեղորայքային ռինիտ։ Ծանր դեպքերն ավարտվում են վիրահատություններով, քանի որ դեղորայքի ազդեցությամբ քթի խեցիների փոփոխությունները կայուն ու մշտական են դառնում։
Հորմոնալ, ստերոիդ պրեպարատների ներարկումը ևս բավական տարածված է։ Հեշտ ու արագ արդյունքի հասնում են, բայց քչերն են գիտակցում, թե իրենց առողջությունից ինչ գին են վճարում։ Ձեռք են բերում շաքարի բարձրացման, գիրության, ճնշման, ստամոքսի խնդիր։
– Խոսենք նաև ախտորոշման մասին․ ինչպե՞ս են հասկանում, թե որն է ալերգիայի պատճառը։
– Առաջին հերթին հաշվի ենք առնում գանգատները, հիվանդության պատմությունը։ Դրանից հետո պետք է որևէ մեթոդով ցույց տալ, որ ալերգենի ազդեցությունն, իրոք, այդ հետևանքն է թողնում։ Դրա համար կան մի քանի մեթոդներ․ օրինակ՝ մաշկային թեստ, երբ մաշկին կաթեցվում են ալերգեններ, հատուկ ասեղներով անցքեր են արվում, որպեսզի կոնտակտ ստեղծվի, ու դիտում մաշկի ռեակցիան՝ տվյալ նյութի հանդեպ։ Մյուսը լաբորատոր մեթոդն է։ Երբ արյան մեջ հայտնաբերվում են այն միջնորդանյութերը, որոնք պայմանավորում են տվյալ ալերգենի հանդեպ ռեակցիաները։ Դրանք հակամարմիններ են, իմունոգլոբուլին E կոչվածն է։
Բժիշկների, քաղաքացիների մոտ ընդունված է չափել ընդհանուր իմունոգլոբուլին E-ն՝ դա համարելով ալերգիա ունենալու չափանիշ, բայց բավական անիմաստ հետազոտություն է, պրակտիկ ոչ մի արդյունք չի տալիս, քանի որ սուր ալերգիայի ժամանակ իմունոգլոբուլինները կարող են բարձրացած լինել կամ չլինել, բայց առանձին որևէ մեկը, որն ուղղված է ծաղկափոշու, շան, կատվի ալերգենի հանդեպ, կարող է բարձրացած լինել, բայց ոչ այնքան, որ արդյունքի վրա ազդի, և ընդհանուրով կարողանանք կողմնորոշվել։ Հետևաբար՝ ստուգում ենք սպեցիֆիկ ալերգենները։
Հիմնական պատճառները ծաղկափոշին, կենդանիները, բորբոսասնկերը, տնային փոշին են, և խոսակցության ընթացքում բժիշկը կարող է հասկանալ, խնայել բուժառուի գումարը։
Բացառիկ դեպքերում ալեգենը տեղադրում են քթի լորձաթաղանթին, որ տեսնեն արդյունքը։
– Ալերգիկ ռինիտի պատճառ կարո՞ղ են ընտանի կենդանիները հանդիսանալ։
– Այո։ Շատ դրամատիկ դեպքեր են լինում։ Հատկապես քաղաքաբնակների համար ընտանի կենդանիներն ընտանիքի անդամին հավասար են դառնում։ Կենդանու սպիտակուցները՝ մաշկի արտադրած ճարպը, թուքը, սերմնահեղուկը, կարող են ալերգիայի պատճառ հանդիսանալ։ Չկան քիչ ալերգեն կենդանիներ․ մարքետինգային հնարք է, երբ կարճամազ կենդանիների են վաճառում՝ ասելով, որ ալերգիա չեն առաջացնում։ Այդպես չէ։
Պետք է ուշադիր լինեն փոքր երեխա ունեցողները։ Շատ մեծ խնդիր ենք ունենում հղիության պատրաստվող կանանց դեպքում։ Պետք է շատ զգույշ լինել։ Գանգատները, փռշտոցները տարբեր խնդիրներ, այդ թվում՝ վիժում կարող են առաջացնել։ Դրա համար ալերգիկ հակումներ ունեցողները ճիշտ կլինի որոշակի ստուգումներ անցնեն, նոր գնան կենդանի պահելու քայլի։
– Ալերգիկ ռինիտը վերջնական բուժում ունի՞։
– Որոշ տեսակներ ունեն, օրինակ՝ ծաղկափոշիները շատ լավ ենթարկվում են այդ բուժմանը։ Մենք բուժառուին տալիս ենք գործարանային պրեպարատ, որը պարունակում է նույն ծաղկափոշին, և օրգանիզմին հակադրելով այդ ալերգենի հետ՝ ստիպում ենք, որ օրգանիզմը հասկանա՝ դա վնասակար չէ։ Ու աստիճանաբար բուժառուներն անտարբեր են դառնում այդ ալերգենների նկատմամբ։