
Միացյալ Նահանգներն առաջիկայում արբանյակային աստղադիտակ կարձակի՝ տիեզերքի ծագումն ուսումնասիրելու համար

ԱՄՆ-ն նախատեսում է մարտի 4-ին ուղեծիր դուրս բերել SPHEREx աստղադիտարանը, որը նախատեսված է Տիեզերքի առաջացման ընթացքը (առաջին ակնթարթներից սկսած) ուսումնասիրելու համար: Այս մասին հայտնել է NASA-ն:
Սարքավորումը հավաքելու է տվյալներ, որոնք լույս կսփռեն այսպես կոչված աճի պահի վրա, երբ Մեծ պայթյունից հետո տարածությունը վայրկյանից փոքր ժամանակահատվածում մեծացել էր մի քանի տրիլիոն անգամ՝ վերածվելով հսկայական և ընդարձակվող տիեզերքի:
SPHEREx-ը, հավաքելով օպտիկական և ինֆրակարմիր լույսի ներքո տվյալներ, կազմելու է տիեզերքի քարտեզը: Աստղադիտակն ունակ է ճանաչել ինֆրակարմիր լույսը, որը դժվար է դիտարկել Երկրի մակերևույթից։ Սպեկտրոֆոտոմետրը օգտագործվելու է ամբողջ երկնակամարի քարտեզը 102 ինֆրակարմիր միջակայքերում կազմելու և միլիարդավոր երկնային օբյեկտների վերաբերյալ տվյալներ հավաքելու նպատակով:
SPHEREx-ի առաքելությունը տևելու է 2.5 տարի, որի ընթացքում սարքը ստեղծելու է տիեզերքի առաջին ինֆրակարմիր 3D քարտեզը։ Մոտ կես տոննա կշռող արբանյակի արժեքը 488 միլիոն դոլար է: Հեռադիտակի արձակման համար օգտագործվելու է SpaceX ընկերության Falcon 9 հրթիռային կրիչը, որն արձակվելու է ԱՄՆ-ի տիեզերական զորքերի՝ Կալիֆոռնիայում գտնվող Վանդենբերգ բազայից: Falcon 9-ը ուղեծիր է դուրս բերելու ամերիկյան ևս չորս արբանյակներ, որոնք ստեղծվել են PUNCH նախագծի շրջանակներում՝ արևային պսակը և արևային քամին ուսումնասիրելու նպատակով: