
Պետք է առնվազն ուղեղի հետ կապված խնդիրներ ունենալ, որ որոշել երեխային բուժել հոգեբուժական խնդիրներ ունեցող հիվանդի կողքին. Անուշ Պողոսյան

Անուշ Պողոսյանը գրում է. «Բազմիցս խոսել եմ ԱՆ անտրամաբանական օպտիմալացման մասին։ Այժմ շրջանառվում են նախագծեր , որով օպտիմալացվելու է Աբովյան քաղաքում գտնվող Թոքաբանության ազգային կենտրոնը Երևանում գտնվող Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի հետ։
Թոքաբանության ազգային կենտրոնը եզակի դեր ունի ՀՀ առողջապահական ոլորտում, և թերևս մատուցում է հանրապետության մակարդակով եզակի ծառայություններ։
Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի ներդրման շնորհիվ, կարելի է ասել, որ Հայաստանում տուբերկուլոզի դեմ պայքարը թևակոխեց մի նոր փուլ, և Հանրապետական տուբերկուլոզային դիսպանսերի արդեն իսկ փորձառու բժիշկները, մեկտեղելով ֆթիզիատրիայի ռուսական դպրոցի պրակտիկան և պարբերաբար անցնելով վերապատրաստումներ՝ այս ծրագրում իրենց ներգրավվածության արդյունքում ստեղծեցին մի նոր մշակույթ, որը միտված էր ոչ միայն տուբերկուլոզի արդյունավետ բուժմանը, այլև տուբերկուլոզի դեպքերի վաղ հայտնաբերմանը, կանխարգելմանն ու բնակչության իրազեկվածության բարձրացմանը:
Այս ամենը հիմք հանդիսացավ, որ Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսերը ժամանակի ընթացքում գրանցեց լուրջ հաջողություներ: Թե՛ տուբերկուլոզի դեմ պայքարում, և թե՛ այլ թոքաբանական ախտորոշումների և բուժման գործում կենտրոնն արդեն որդեգրել է հիվանդակենտրոն բուժման մոտեցումը։ Եվ ահա որոշել են «քանդել» նաև այդ ծառայությունը․
Ըստ ՀՀ ԱՆ մեր աղբյուրների, սկզբի համար Թոքաբանության ազգային կենտրոնում 4 բաժանմունք միացնելու են իրար՝ դեղազգայուն տուբերկուլոզային բաժանմունքը, դեղակայուն տուբերկուլոզային բաժանմունքը,մանկական տուբերկուլոզային բաժանմունքը և հոգեբուժական բաժանմունքը։
Պետք է առնվազն ուղեղի հետ կապված խնդիրներ ունենալ, որ որոշել երեխային բուժել հոգեբուժական խնդիրներ ունեցող հիվանդի կողքին։
Հ․Գ․ Դուք վաղուց հատել եք բոլոր կարմիր գծերը, սահմաններ, որ չպետք է անցնեիք, ԿԱՆԳ ԱՌԵՔ»։