
Կանադան կշարունակի կանգնել Ուկրաինայի կողքին. Ջասթին Թրյուդո

Կանադան կշարունակի կանգնել Ուկրաինայի և ուկրաինացիների կողքին՝ հասնելու արդար և կայուն խաղաղության:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի լարված բանակցություններից հետո այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
«Ռուսաստանը անօրինական և անհիմն կերպով ներխուժեց Ուկրաինա: Արդեն 3 տարի է, ինչ ուկրաինացիները պայքարում են քաջությամբ և տոկունությամբ։ Նրանց պայքարը ժողովրդավարության, ազատության և ինքնիշխանության պայքար է, որը կարևոր է բոլորիս համար: Կանադան կշարունակի կանգնել Ուկրաինայի և ուկրաինացիների կողքին՝ արդար և կայուն խաղաղության հասնելու համար»,-գրել է Թրյուդոն:
Զելենսկին Միացյալ Նահանգներ էր ժամանել Ուկրաինայի օգտակար հանածոների վերաբերյալ համաձայնագրի ստորագրման համար, սակայն լարված բանակցությունների պատճառով համաձայնագրի ստորագրումը տապալվել է, Զելենսկին ժամանակից շուտ հեռացել է Սպիտակ տնից։
Չեղարկվել էր նաև Զելենսկիի և Թրամփի մասնակցությամբ մամուլի ասուլիսը, որը նախատեսված էր բանակցություններից հետո: Թրամփը գրառմամբ նշել էր, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության և կարող է Սպիտակ տուն վերադառնալ այն ժամանակ, երբ պատրաստ կլինի խաղաղության։ Իսկ Զելենսկին գրառմամբ շնորհակալություն էր հայտնել ԱՄՆ-ին, Թրամփին՝ հավելելով, որ Ուկրաինային արդար և կայուն խաղաղություն է պետք, և իրենք աշխատում են հենց դրա համար: