Բաժիններ՝

Իտալիայի վարչապետը հանդես է եկել ԵՄ-ԱՄՆ հրատապ գագաթնաժողով հրավիրելու կոչով

ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկիի աղմկահարույց հանդիպումից հետո Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին եվրոպացիներին կոչ է արել թույլ չտալ պաշտոնական Վաշինգտոնի հետ տարաձայնությունների խորացում՝ հայտարարելով, որ Հռոմը առաջիկա ժամերին հանդես կգա ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողի անցկացման կոչով: Այս մասին հայտնել է Politico-ն։

«Անհրաժեշտ է անհապաղ գագաթնաժողով՝ Միացյալ Նահանգների, եվրոպական պետությունների և դաշնակիցների մասնակցությամբ, որպեսզի անկեղծ խոսակցություն ծավալվի այն մասին, թե ինչպես ենք մտադիր հաղթահարել այսօրվա լուրջ մարտահրավերները՝ սկսած Ուկրաինայից, որը միասին պաշտպանել ենք վերջին տարիներին»,- Մելոնիի խոսքերը փոխանցել է լրատվամիջոցը։

Հաղորդվում է, որ եվրոպական մի քանի երկրների առաջնորդներ, արձագանքելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հրավերին, մտադիր են կիրակի օրը հանդիպել Լոնդոնում:

Ակնկալվում է, որ նրանց կմիանա նաև Զելենսկին: Եվրոպացի որոշ առաջնորդներ ընդհանուր դիրքերից պաշտպանել են Զելենսկիին կոշտ քննադատությունից հետո, որը վաշինգտոնյան հանդիպման ընթացքում նրա հասցեին հնչեցրել էր Թրամփը:

Իսկ Եվրամիության դիվանագիտության առաջնորդ Կայա Կալասը նույնիսկ հայտարարել է. «Այսօր պարզ դարձավ, որ ազատ աշխարհին պետք է նոր առաջնորդ: Մենք՝ եվրոպացիներս պետք է ընդունենք այս մարտահրավերը»:

Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում Թրամփի ու Զելենսկու հանդիպումն ավարտվել էր թեժ վեճով, որի հետևանքով չէր ստորագրվել Ուկրաինայում օգտակար հանածոների արդյունահանման ոլորտում երկու երկրների համագործակցության մասին համաձայնագիրը և չեղարկվել էր երկու երկրների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը։ Վաշինգտոնում նախօրեին տեղի ունեցած հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության և կարող է կրկին Սպիտակ տուն վերադառնալ այն ժամանակ, երբ պատրաստ կլինի խաղաղության։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս