
Մոսկվան «բովանդակալից և գործնական» է անվանել Ստամբուլում ռուս-ամերիկյան բանակցությունները

Ստամբուլում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունների ընթացքում կողմերը հանգամանորեն քննարկել են առկա բազմաթիվ խնդրահարույց հարցերը, համաձայնեցրել են համատեղ քայլերը Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելությունների գործունեության ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանձնարարականների համաձայն՝ մանրամասն քննարկվել են ամերիկյան նախորդ վարչակազմերից ժառանգած բազմաթիվ «գրգռիչները» հաղթահարելու ուղիները։ Համաձայնեցվել են համատեղ քայլերը փոխադարձ հիմունքներով Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունների գործունեության անարգել ֆինանսավորումն ապահովելու և դիվանագետների համար իրենց ծառայողական պարտականությունների կատարման համար համապատասխան պայմաններ ստեղծելու ուղղությամբ», – նշված է հաղորդագրության մեջ։
Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ-ում Ռուսաստանի դիվանագիտական սեփականություն հանդիսացող վեց անշարժ գույքի օբյեկտներին, որոնք «անօրինական կերպով բռնագրավվել են 2016-2018 թվականներին»։ Բացի այդ, ռուսական կողմն ամերիկյան կողմին խնդրել է դիտարկել ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը։
ՌԴ ԱԳՆ-ում քննարկումները որակել են որպես «բովանդակալից և գործնական»։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը։
Միացյալ Նահանգների և Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ բանակցությունները Ստամբուլում կայացել են փետրվարի 27-ին։
Ամերիկյան պատվիրակությունը գլխավորում էր փոխպետքարտուղարի տեղակալ Սոնաթա Քոուլթերը, իսկ ռուսական պատվիրակությունը՝ ՌԴ արտաքին գործերի նախարարության Հյուսիսային Ամերիկայի վարչության տնօրեն Ալեքսանդր Դարչիևը։ Ավելի վաղ բանակցությունների մասին հաղորդագրություն էր տարածել ԱՄՆ պետքարտուղարությունը։