«Գյումրիում սպասվում են ամենատարբեր զարգացումները. ՔՊ-ն Գյումրիում կարող է հավաքել 9-22 տոկոս». Արթուր Գևորգյան

«Գյումրիում մարտի 30-ին սպասվող արտահերթ ընտրությունների ընդհանուր գունապնակն ավելի պարզ կդառնա մարտի 10-ից հետո»,- 168.am հետ զրույցում նման կարծիք հայտնեց Գյումրու Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն, հանրության կառավարման փորձագետ Արթուր Գևորգյանը՝ խոսելով Գյումրիում մարդկանց շրջանում տիրող նախընտրական ընդհանուր տրամադրությունների մասին։

Նրա բնորոշմամբ՝ ընտրություններում ընդհանուր տրամադրությունն ու մարդկանց մասնակցությունը կարող էր բոլորովին այլ լինել դեկտեմբերին, օգոստոսին ու բոլորովին կարող է այլ լինել մարտին՝ գարնան մեկնարկի հետ կապված։

«Ընտրություններում մարդկանց մասնակցության, մասնավորապես՝ երիտասարդության մեծաթիվ մասնակցության համար պետք է շատ աշխատել ու կիրառել հատուկ մեթոդաբանություն։ Գլխավոր խնդիրը՝ անկախ այն հանգամանքից, թե ով ինչ է անում՝ մարդկանց մասնակցությունն է ընտրություններին, նրանց ակտիվությունը։

Օրինակ, իշխանությունների նախնական հաշվարկներով, Գյումրիում նախկին քաղաքապետին բերման ենթարկելը, պետք է աշխատեր իրենց օգտին, սակայն ունեցավ ճիշտ հակառակ էֆեկտը։ Այսինքն՝ ստացվում է, որ թեկնածուին, ով քաղաքական մասնակցության հայտ է ներկայացրել, բռնում-տանում են, հետո վնասվածքներով բաց են թողում։ Իրենց սարքած աղմուկն աշխատեց իրենց դեմ։

Կարդացեք նաև

Կամ՝ մեր նախկին մյուս քաղաքապետի նկատմամբ հետախուզում հայտարարելը, երբ մարդը գտնվում է արտերկրում՝ առողջական խնդիրների պատճառով։ Սա էլ կարծես թե արվում է ընդդիմադիր ուժերի նկատմամբ «մատ թափ» տալու համար»,- հավելեց Արթուր Գևորգյանը։

Նա նաև ասաց՝ եթե իշխանություններն ընտրությունները Գյումրիում նշանակեին դեկտեմբերին, ապա մարդկանց մասնակցությունն ընտրություններին կունենար ցածր տոկոս։

«Իշխանությունը լավ հասկացել է, որ սեփական ուժերով Գյումրիում 50 տոկոսի շեմը չի կարողանալու հաղթահարել։ Այս պահին ընտրություններին մասնակցող ուժերը, թեկնածուները բոլորը չէ, որ հակված են կոալիցիա կազմել ՔՊ-ի հետ, թե հետո ինչ կանեն՝ չեմ կարող ասել։

Կոնկրետ այս պահին գյումրեցիներից որևէ մեկը դեռևս չի մտածում ընտրությունների մասին, սաստիկ ցրտի պայմաններում մարդիկ իրենց բնակարանները ջեռուցելու, կոմունալներ վճարելու և այլ սոցիալական հարցերի մասին են մտածում։

Գյումրին հետաքրքիր ու մի քիչ էլ բարդ քաղաք է, նախկինում էլ եմ ասել՝ այստեղ չեն սիրում, այստեղ նվիրվում են։ Երբ սկսում են մարդուն չհարգել, սկսում են նաև ատել։ Այս կատեգորիզմն իր մեծ ազդեցությունը կունենա ընտրությունների վրա»,- հավելեց Արթուր Գևորգյանը։

Նա նաև շեշտեց, որ այս պահին իշխանության թեկնածուն՝ համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, փորձում է անդրադառնալ այս պահին Գյումրիի համար ցավոտ խնդիրների, մտերմանալ բնակչության հետ։

«Թե այս ամենի արդյունքում ինչ կլինի, չեմ կարող ասել, քանի որ ամեն ինչ կախված է ՔՊ-ի ներսում տեղի ունեցողից. ըստ տարբեր լուրերի՝ կուսակցության ներսում չկա միատարրություն։

Հիմա Գյումրիում ինչ կատարվում է՝ մեկումեջ իրականացվող բռնկումները և այլն, իշխանությունների կողմից իրականացվող սադրանքներ են։

Ես փրայմըրիզի առաջին օրվանից անդրադարձել եմ, ըստ հաշվարկների՝ ՔՊ-ն Գյումրիում հավաքելու է 9-22 տոկոս, եթե կոնյունկտուրան չփոխվի։ Կարծում եմ՝ Գյումրիում սպասվում են ամենատարբեր զարգացումները, բայց եթե նույնիսկ այս վիճակով գնահատենք իրենց հնարավորությունները, ապա իրենք կհասնեն ամենաշատը 25 տոկոսի շեմին։

Կրկնում եմ՝ Գյումրիում ուրիշ կառուցվածք ունի և այլ արժեքային համակարգ է գործում, սպասենք՝ կտեսնենք»,- ընդգծեց Արթուր Գևորգյանը։

Տեսանյութեր

Լրահոս