
ԱՄԷ-ն նախանշել է ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման ժամկետները

Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ) և Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) երկու-երեք ամսից համաձայնագիր կկնքեն ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին։ Ինչպես տեղեկացնում է TACC-ը, այդ մասին հայտարարել է ԱՄԷ-ի արտաքին առևտրի պետնախարար Թանի բեն Ահմեդ ալ Զեյուդին։
«Անցյալ տարվա ևս մեկ կարևոր իրադարձություն էր ԱՄԷ-ի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի պատրաստումը։ Այս համաձայնագրի վրա աշխատանքը տևեց գրեթե մեկուկես տարի։ Մենք անհամբեր սպասում ենք փաստաթղթի ստորագրմանը երկու կամ երեք ամիս հետո»,- նշել է նա։
Պետնախարարը նշել է, որ վերջին երեք տարիների ընթացքում ԱՄԷ-ի և Ռուսաստանի Դաշնության միջև առևտրաշրջանառությունը 3,5 միլիարդ դոլարից հասել է 10 միլիարդ դոլարի։
ԱՄԷ-ի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները սկսվել են 2023 թվականի մարտին։ Այս ընթացքում կողմերը խորհրդակցությունների մի քանի փուլ են անցկացրել։ Ինչպես հաղորդում է ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը, փաստաթուղթը, ի թիվս այլ հարցերի, կկարգավորի սակագների ազատականացման, մաքսային և արդյունաբերական համագործակցության, էլեկտրոնային առևտրի և մտավոր սեփականության, առևտրի պաշտպանության միջոցառումները։
Ավելի վաղ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հայտարարել էր, որ ԱՄԷ-ի և ԵԱՏՄ-ի միջև համաձայնագրի նախապատրաստման շուրջ բանակցություններն ավարտվել են։ Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովի խոսքով՝ այս փաստաթուղթը կարող է ստորագրվել 2025 թվականի կեսերին։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական կազմակերպություն է, որի անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Դիտորդի կարգավիճակ շնորհվել է Իրանին, Կուբային, Մոլդովային և Ուզբեկստանին։