Ռուսաստանը պատրաստվում է նոր՝ մեծ կազմակերպություն ստեղծել․ ի՞նչ պլաններ ունեն ՌԴ իշխանությունները

«Ռուսաստանն առաջ կմղի Եվրասիական երկրները միավորող կազմակերպություն ստեղծելու գաղափարը»,- այս մասին Պետդումայում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Աֆրիկայում կա Աֆրիկյան միություն, որը միավորում է աֆրիկյան բոլոր երկրները։ Լատինական Ամերիկայում կա Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի պետությունների համագործակցություն, որը նույնպես համամայրցամաքային կազմակերպություն է։ Իսկ Եվրասիայում նման կազմակերպություն չկա»,- ասել է նա։

Լավրովը նաև հավելել է` կա ԵԱՀԿ-ն, որը կառուցված է եվրաատլանտյան հայեցակարգի հիման վրա, կան նաև բազմաթիվ ենթատարածաշրջանային կառույցներ, այդ թվում՝ Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիան (АСЕАН) և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը։

«Սակայն գոյություն չունի միասնական կազմակերպություն, որտեղ ներկայացված կլինեն միմյանց հարևանությամբ գտնվող մայրցամաքի բոլոր երկրները։ Ուստի մենք առաջ կմղենք այն հայեցակարգը, որի մասին խոսել է ՌԴ նախագահը: Արդեն սկսել ենք աշխատանքներ տանել այդ ուղղությամբ։ Նոր պայմանագրեր ենք կնքում մեր հարևանների հետ և կապեր զարգացնում նրանց միավորումների հետ»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

Կարդացեք նաև

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանն ինտենսիվ քաղաքական երկխոսություն է վարում ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ գործընկերների հետ։

Ավելի վաղ՝ 2024 թվականի ամռանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Եվրասիայում անհրաժեշտ է ստեղծել անվտանգության նոր համակարգ՝ առանց արտաքին ուժերի ներկայության։

«Եկել է ժամանակը սկսելու Եվրասիայում հավաքական անվտանգության երկկողմ և բազմակողմ երաշխիքների նոր համակարգի լայն քննարկում։ Միևնույն ժամանակ, ապագայում մենք պետք է աշխատենք եվրասիական տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայության աստիճանական կրճատման ուղղությամբ»,- ասել էր ՌԴ նախագահը։

Վերջինս հստակեցրել էր՝ Եվրասիայի երկրներն ու տարածաշրջաններն իրենք պետք է որոշեն համագործակցության ոլորտները համատեղ անվտանգության ոլորտում, կառուցեն աշխատանքային ինստիտուտների, մեխանիզմների և համաձայնագրերի համակարգ։ Ինչպես ընդգծել էր Պուտինը, կարևոր է ելնել այն փաստից, որ անվտանգության ապագա ճարտարապետությունը բաց է բոլոր եվրասիական երկրների համար, որոնք ցանկանում են մասնակցել դրա ստեղծմանը։

«Բոլորի համար ասվածը նշանակում է, որ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները՝ նույնպես: Մենք ապրում ենք նույն մայրցամաքում, ինչ էլ որ լինի, մենք չենք կարող փոխել աշխարհագրությունը, այս կամ այն կերպ պետք է գոյակցենք և միասին աշխատենք»,- ասել էր ՌԴ նախագահը։

2025 թվականի հունվարի 24-ին էլ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինն ասել էր, թե այժմ անցում է կատարվում իր դարն ապրող, միաբևեռ աշխարհակարգից՝ դեպի նոր աշխարհակարգ։

Ըստ նրա, Եվրասիայում ձևավորվում է անվտանգության նոր ճարտարապետություն, որը թույլ կտա կայունություն ապահովել ամբողջ աշխարհում։

«Արևմտյան դաշինքն այլևս միակ ուժային կենտրոնը չէ։ Կա Չինաստան, կա Հնդկաստան, կա պետություն-քաղաքակրթություն Ռուսաստան, արաբական պետությունների բավականին հզոր դաշինք և այլ ուժեր: Եվ ընդհանրապես Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետություն է ձևավորվում, որը կկարողանա ապահովել կայունություն՝ ինչպես եվրասիական մեծ մայրցամաքում, այնպես էլ՝ ամբողջ աշխարհում»,- ասել էր Նարիշկինը։

Փետրվարին բրիտանական Financial Times-ն անդրադարձել էր Մոսկվայի այս մայրցամաքային ծրագրերին, նշելով՝ Ռուսաստանը մակրոտարածաշրջանի ստեղծումը դիտարկում է որպես ռազմավարական երկարաժամկետ նախագիծ, որը կարող է գոյատևել Ուկրաինայի հարցով Արևմուտքի հետ ցանկացած բանակցություններ և կամրապնդի իր դիրքերը համաշխարհային հարթակում։

Լրատվամիջոցը մեջբերել էր 2024 թվականի ապրիլին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի կողմից ներկայացված կառավարական հաշվետվությունը, որում ասվում է, որ Մոսկվան մտադիր է ստեղծել նոր մակրոշրջան՝ ներառյալ նախկին խորհրդային հանրապետությունները և գլոբալ հարավի երկրները, որպեսզի այնտեղ հաստատի իր տնտեսական կանոններն ու պատժամիջոցների ռեժիմը։

Կրեմլի ծրագրի համաձայն՝ նոր առևտրային բլոկը Ռուսաստանը կապելու է գլոբալ հարավի հետ՝ ապահովելով հումքի հասանելիություն, զարգացնելով ֆինանսական և տրանսպորտային կապերը և ձևավորելով ընդհանուր աշխարհայացք: «Մենք կգրենք նոր աշխարհի կանոնները և կիրականացնենք մեր պատժամիջոցային քաղաքականությունը»,- ասված էր զեկույցում։ «Մոսկվան հույս ունի, որ դաշինքը կօգնի վերականգնել իր մուտքը համաշխարհային տնտեսություն և կմեծացնի մրցակցությունը ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Չինաստանի հետ»,- նշվում էր Financial Times-ի հոդվածում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ուկրաինական գործարքի կնքումից հետո Ռուսաստանի Դաշնությունն ակնհայտորեն նոր թափով կսկսի անդրադառնալ իր ազդեցության գոտուն, կվերանայի ու կամրապնդի այն՝ զուգահեռաբար կյանքի կոչելով ավելի ազդեցիկ ու մեծ եվրասիական միություն ստեղծելու վաղեմի գաղափարը։

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով եվրասիական անվտանգության նոր ճարտարապետություն, մակրոտարածաշրջան ստեղծելու գաղափարներին, ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ վերջին տարիներին հաճախ են հնչում Եվրասիական տնտեսական միությունն ինքնաբավ մակրոռեգիոն դարձնելու մասին հայտարարություններ, սակայն նոր կազմակերպություն ստեղծելու մասին հայտարարությունը նշանակում է, որ առանձին բլոկ են ցանկանում ստեղծել։

Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, նպատակն ավելի լայն գործառույթներով և ոլորտներով միավորում ստեղծելն է, որը կունենա անվտանգային և քաղաքական բաղադրիչներ, քանի որ ԵԱՏՄ-ն գործեց՝ որպես բացառապես տնտեսական միություն, իսկ ՀԱՊԿ-ը չգործեց այնպես, ինչպես ակնկալվում էր, այդ թվում՝ ՌԴ-ի կողմից։

«Ուստի ՌԴ իշխանությունները գտնում են, որ Ուկրաինայի հարցի շուրջ Արևմուտքի հետ գլոբալ կոնսենսուսի ձևավորումից հետո կարող է առանցքային վերանայումներ իրականացնել արդեն բազմաբևեռ աշխարհակարգի շրջանակում։ Կարծում եմ՝ երբ ժամանակը հասունանա, ՌԴ-ն համապատասխան առաջարկները և պրոյեկտները կներկայացնի իր ԵԱՏՄ գործընկերներին, ինչպես նաև այն երկրներին, որոնց հետ հարաբերություններ է զարգացնում»,- ասաց վերլուծաբանը։

Սակայն, Սիմոնովի խոսքով՝ դեռևս վաղ է կանխատեսումներ անել, քանի որ նման պրոյեկտներ կայացնելը բարդ գործընթաց է՝ կախված՝ ինչպես աշխարհաքաղաքական զարգացումներից, այնպես էլ՝ երկրներից, որոնք կարող են համարվել դրա պոտենցիալ մասնակիցը։

«Ի սկզբանե Մաքսային միությունը, հետո ԵԱՏՄ-ն պետք է ունենային նաև որոշակի քաղաքական բաղադրիչ, սակայն դա չհաջողվեց ներդնել, և մնաց միայն տնտեսական համագործակցությունը։ ՌԴ իշխանությունները պետք է բոլոր նրբությունները, հնարավոր բարդությունները հասկանան, հաշվի առնելով նաև նախկին դասերը։ Ներկայումս ՌԴ քիչ գործընկերներ կցանկանան դրա մասը դառնալ, բայց գուցե մեկ տարի անց իրադարձությունները, դիրքորոշումները փոխեն, սակայն միգուցե տեղի չունենա, հստակ չենք կարող ասել»,- ասաց Սիմոնովը։

Տեսանյութեր

Լրահոս