
Մխիթար Հայրապետյանը Աբու Դաբիում մասնակցել է «IDC 2025» միջազգային պաշտպանական համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 16-ին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պաշտպանության գործերով պետնախարար Մումահամադ բին Մուբարաք բին Ֆադել Ալ Մազրուիի հրավերով, Աբու Դաբիում մասնակցել է «IDEX 2025» միջազգային պաշտպանության համաժողովի շրջանակում անցկացվող «Պաշտպանություն վերաիմաստավորում. նորարարություն, ինտեգրում և դիմակայունություն» խորագրով Միջազգային պաշտպանական համաժողովին (IDC):
Նախարար Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել որպես բանախոս «Ապատեղեկատվություն և ազդեցության գործառնություններ» խորագրով պանելային քննարկման շրջանակում։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի քաղաքականությունը ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ՝ ընդգծելով, որ ապատեղեկատվությունը նոր խնդիր չէ, սակայն ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման և տեղեկատվության տարածման նոր հնարավորությունների հետ առաջանում են նոր մարտահրավերներ, որոնք խիստ արդիական են ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար։
Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ՀՀ քաղաքականությունը ապատեղեկատվության, deepfake-երի կիրառման դեմ պայքարի ուղղությամբ՝ կարևորելով պետություն-մասնավոր հատված-հասարակություն կապը, կիբեռանվտանգության, մեդիագրագիտության, փաստերի ստուգման և տեղեկատվական անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության շուրջ պատկերացումները։ Նախարարը խոսել է նաև ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից, ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող աշխատանքներից, ինչպես նաև այս համատեքստում նախատեսվող օրենսդրական փոփոխություններից, կիբեռանվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումներից, պետական և մասնավոր հատվածների համագործակցության հեռանկարներից, տեղեկատվական համակարգերի ճշգրտության ու հուսալիության բարձրացմանն ուղղված ծրագրերից:
Նախարարի ելույթում շեշտվել է, որ ներկայիս հիպերհաղորդակցված աշխարհում տեղեկատվությունը դարձել է հզոր զենք, որը կարող է ձևավորել ընկալումները, ազդել վարքագծի վրա և նույնիսկ փոխել համաշխարհային իրադարձությունների ընթացքը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել այն մեխանիզմներին, որոնց միջոցով պետական և ոչ պետական դերակատարները կարող են ձևափոխել պատմություններն ու տարածել ապատեղեկատվություն՝ ազդելով հասարակական կարծիքի և քաղաքական որոշումների վրա։
Պանելային քննարկմանը նախարարը խոսել է նաև արհեստական բանականության, մեքենայական ուսուցման, տվյալների վերլուծության, բլոքչեյն տեխնոլոգիաների, փաստերի ստուգման մեթոդների և միջազգային համագործակցության կարևորության մասին։ Նշվել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ֆրանսիական Mistral AI ընկերության միջև Փարիզում ստորագրված փոխըմբռնման հուշագրի մասին, որը Հայաստանում արհեստական բանականությամբ պայմանավորված նորարարությունները խթանելուն է ուղղված։
Մխիթար Հայրապետյանն ընդգծել է՝ Հայաստանը պատրաստ է ակտիվորեն ներգրավվել միջազգային նախաձեռնություններում, համագործակցել գործընկերների հետ և համատեղ հաղթահարել տեղեկատվական անվտանգության ոլորտի արդի մարտահրավերները։
Պանելային քննարկումը վարել էփոխծովակալ (Պաշտոնաթող) Քևին Դոնեգանը՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարության (U.S. Naval Forces Central Command (NAVCENT)) և հինգերորդ նավատորմի նախկին հրամանատարը:
Մասնակցել են նաև Այշա Մանզոր Վաթտոն՝ Պակիստանի Իսլամական Հանրապետության էլեկտրոնային լրատվամիջոցների կարգավորման մարմնի (Pakistan Electronic Media Regulatory Authority (PEMRA)) տնօրեն, Լիիսա Պաստը՝ Էստոնիայի Հանրապետության ազգային կիբեռանվտանգության նախկին տնօրեն, Մեթյու Քոչրանը՝ պաշտպանության, տիեզերքի և անվտանգության ոլորտներում մասնագիտացված «DSMC (Defense Services Marketing Council) International» խորհրդի գործադիր տնօրեն։
IDC-ին կհաջորդի «IDEX 2025» միջազգային պաշտպանության համաժողովը և ցուցահանդեսը, որը համարվում է Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի ռազմավարական կարևորագույն միջոցառումներից մեկը։ «IDEX»-ը միակ միջազգային պաշտպանական ցուցահանդեսն է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, որտեղ ներկայացվում են ցամաքային, ծովային և հակաօդային պաշտպանության ոլորտների վերջին տեխնոլոգիաները։