![](/banners/BeFunky-design.jpg)
Բաքուն հաստատում է՝ ՊԲ-ն կռվել է և ավելի քան 200 ադրբեջանցի զինծառայող ոչնչացրել
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/AL.jpg)
Բաքվում Արցախի ռազմաքաղաքական էլիտայի բեմականացված դատավարությանն ադրբեջանական կողմը ներկայացրել է իրենց բանակի մարդկային կորուստները, որոնք տվել են Արցախում 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին իրականացված «հակաահաբեկչական օպերացիայի» ընթացքում, որն իրականում ցեղասպան գործողություն էր:
Ինչևէ, մասնավորապես, նշվել է, որ Արցախի ՊԲ-ի կողմից ոչնչացվել է Ադրբեջանի բանակի 205 զինծառայող, 1004-ն էլ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Սա ցույց է տալիս, որ անգամ 9-ամսյա բլոկադայից հետո Արցախի պաշտպանության բանակը, ՊԲ զինծառայողը նույնիսկ հյուծված վիճակում կարողացել է թշնամուն վնասներ պատճառել: Կարճ ասած՝ Պաշտպանության բանակը, ՊԲ զինվորն ու սպան կռվել են մինչև վերջ:
Հիշեցնենք, որ օրերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արցախցի լրագրողի հետ բանավեճի ժամանակ ասել էր՝ «պետք է մնային և կռվեին»։
Հետո ԱԺ ամբիոնից նա փորձել էր խմբագրել իր ասածը՝ «եղել են մարդիկ, այո՛, ովքեր կռվել են և հերոսներ են, բայց կային նաև մարդիկ, ովքեր թողել ու փախել են», և որ՝ «Ղարաբաղից մեզ զանգում, ասում էին` ստեղ էլ չենք մնալու, բացեք սահմանը, դուրս ենք գալու»:
Ավելի ուշ մի քանի լրատվամիջոցի որոշել էր ճեպազրույց տալ և բացատրել, թե ինչ է իրականում ցանկացել ասել՝ առանց անուններ տալու:
«Շատուշատ մարդիկ կռվել են, շատուշատ մարդիկ իրենց կյանքն են զոհել, դրա մասին չի խոսքը: Բոլորը շատ լավ հասկացել են, թե ում մասին է խոսքը: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասին ընդհանրական որևիցե բան չեմ ասել, ես ասել եմ կոնկրետ մարդկանց մասին, ովքեր ոչ թե վերադառնում էին Ղարաբաղից, այլ Հյուսիսային պողոտա իրենց տները…»:
Այսինքն, մեծ հաշվով, նկատի ունի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը:
«Փոխանակ քաղաքական որոշում կայացնեին, Ղարաբաղը պահեին հայկական, հայերով, մի օրվա մեջ քաղաքական որոշում են կայացնում և… Պատերազմի առաջին օրից Ղարաբաղը դատարկելու ցանկություն ունենալը Ղարաբաղը հայաթափեց, ի վերջո»,- ընդգծել էր նա:
Հակադարձմանը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հնարավորություն ունե՞ր 9-ամսյա բլոկադայից հետո Ադրբեջանի զորքի դեմ պայքարելու, Ալեն Սիմոնյանը նշել էր. «Հարցը տալիս եք, բայց հետհայացք չեք գցում պատմության մեջ, բա որ շանս չկար, բա էս 30 տարի մենք ի՞նչ էինք անում, Ադրբեջանը միշտ էլ մեզնից մեծ է եղել, Հայաստանն էլ է Ադրբեջանից փոքր, ի դեպ, եթե չգիտեք, ասեմ»:
Այնուհետև ԱԺ նախագահը հետո հիշեցրել էր Արցախում եղած «յուղը վրեն» զենքերի մասին, որոնք անցան Ադրբեջանին:
Լրագրողի հարցին՝ հյուծված զորքն ինչպե՞ս կռվեր, ՔՊ-ական պաշտոնյան արձագանքել էր. «Կներես, էլի, բայց պատերազմի ժամանակ մեղր չեն բաժանում, և երբ որ հերոս ենք ասում, հենց դրա համար ենք ասում»:
Փաստորեն Բաքուն ցույց է տվել, որ ՊԲ զինվորները և սպաները հերոսներ են եղել, որոնք կյանքի գնով փորձել են պահել իրենց վստահված դիրքը, տարածքը:
168.am-ը գրել է 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ին տված Արցախի Պաշտպանության բանակի վերջին պատվի մարտի մասին, որի ժամանակ հայտնի է զոհված և անհայտ կորած 265 զինծառայողի անուն-ազգանուն:
Իսկ ադրբեջանական կողմից նախորդ նիստերի ժամանակ խոսել են նաև 30 տարիներին Ադրբեջանի բանակի զինանոցին և մարդկային ռեսուրսներին հայկական զինուժի և ՊԲ-ի հասցրած վնասների մասին: Բնական է, որ դա տեղի է ունեցել կամ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների ժամանակ, կամ, որպես պատասխան ադրբեջանական սադրանքներին և դիվերսիոն գործողություններին: