Ալեն Սիմոնյանը ԱԺ նիստերն իր գրաֆիկին է հարմարեցնում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Եվրաքվեի նախագիծն առաջին ընթերցում անցավ 63 կողմ, 7 դեմ ձայնով։ Այն վերջինն էր քվեարկության դրված նախագծերի շարքում: Պատգամավորները քվեարկեցին մոտ 2 տասնյակ նախագծեր, բայց երբ հերթը հասավ սրան, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ թիմակիցներից շատերի համար անսպասելի, 20 րոպե ընդմիջում խնդրեց։
Մեզ ասացին, որ Ալեն Սիմոնյանը, որը դահլիճում չէր, Կոնջորյանին sms է ուղարկել, որ ընդմիջում վերցնի: 20 րոպե անց ԱԺ նախագահը վերադարձավ, եւ քվեարկեցին։ Այս ընդմիջումը երեկ ՔՊ-ում խոսակցությունների առիթ էր դարձել, ոմանք տարակուսած էին՝ ինչո՞ւ ի սկզբանե ԱԺ նախագահը դահլիճում չէր՝ օտարերկրյա պատվիրակություն չէր հյուրընկալել, ԱԺ կայքում էլ որեւէ հանդիպման մասին տեղեկատվություն չհայտնվեց:
Նրանք ասում էին, որ Սիմոնյանը ԱԺ նիստերն իր գրաֆիկին է հարմարեցնում` հավանաբար, դուրս էր եկել ընդմիջման, բայց ցանկացել էր մասնակցել` ընդդեմ Ռուսաստանի նախագծի քվեարկությանը։
Նիստից հետո մենք հարց ուղղեցինք Սիմոնյանին՝ ինչո՞ւ դահլիճում չէիք։ Ասաց, որ հանդիպման էր, թե ում հետ եւ որտեղ` չմանրամասնեց»: