![](/banners/BeFunky-design.jpg)
«Հայաստանը 680.000 ալենների ու նիկոլների հայրենի՞քն է, թե՞ 10 մլն հայերի». Արմեն Պետրոսյան
«Արդարություն և Վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման հասարակական կազմակերպության համահիմնադիր Արմեն Պետրոսյանի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերին արցախահայերը կանգնած էին ընտրության առջև՝ կա՛մ պետք է մեծ ու փոքր կոտորվեին, կա՛մ էլ պետք է համակերպվեին ու Ադրբեջանի լծի տակ ապրեին։
«Ի՞նչ նպատակ ունեն Ալեն Սիմոնյանը և բոլոր նրանք, որոնք ընտրել են այս իշխանությանը, որպեսզի արցախահայերը մնային ու բոլորով բնաջնջվեի՞ն, այս ձևով արցախցիների հարցն են լուծում, որպեսզի արցախցի այլևս չլինի՞։ Հայաստանը 680.000 ալենների ու նիկոլների հայրենի՞քն է, թե՞ 10 մլն հայերի։
Արցախահայերի մասսայական ելքն Արցախից նույնպես պայքար էր, նրանք ցույց տվեցին աշխարհին, որ, անկախ ամեն ինչից, իրենք չեն ուզում լինել Ադրբեջանի վերահսկողության տակ։ Արցախահայերը նախընտրեցին ելքը հպատակությունից, սա նույնպես ոգու դրսևորում էր։ Եթե ոմանց թվում է, թե հեշտ է դարերով ստեղծածը թողնել ու բոբիկ դուրս գալ Արցախից, սխալվում են։ Չեմ ուզում՝ այն, ինչ տեսավ արցախցին, տեսնի սյունեցին, տավուշեցին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Արմեն Պետրոսյանը՝ խոսելով Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ-ում արած հայտարարության մասին։
Նա տարակուսած է՝ իշխանությունը նման հայտարարություններով ի՞նչ էր ուզում, ուզում էին տեսնել արցախցի 4 ամսական երեխայի արյո՞ւնը։
«Իրենց իշխանությունը մտել է մարդկանց գրպանները, մարդկանց տները, հիմա էլ մտնում է մարդկանց դագաղները, պղծում «Եռաբլուրում», Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում ու ամենուր Արցախի ու Հայաստանի համար նահատակված տղաների գերեզմանները։
Մարդկային ամենամեծ չարիքներից է անտարբերությունը, հետևաբար՝ հիմա հայ ժողովորդը կանգնած է ընտրության առջև՝ կա՛մ ինքը Նիկոլի հետ է, կա՛մ Նիկոլի դեմ։ Եթե, բացի Նիկոլից, այլ տեղերում մեղավորներ են փնտրում, ուժեղացնում են Նիկոլին, անտարբեր մնալով՝ նույնպես ուժեղացնում են նրան»,- շեշտեց նա։
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ արցախահայերը պետք է մնային ու կռվեին Արցախում՝ դուրս չգային։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում