ԵՄ մտնո՞ղ եք, մեր կնքած CEPA-ն իմպլեմենտացրե՛ք. որ փաստաթուղթը բացում ենք, խայտառակ վիճակ է. Մամիջանյան

«ԵՄ մտնո՞ղ եք, մեր կնքած CEPA-ն իմպլեմենտացրե՛ք. որ փաստաթուղթը բացում ենք, խայտառակ վիճակ է». Հայկ Մամիջանյան

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ թեպետ այսօր ծավալվող քննարկումների վերաբերյալ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարություն տարածել է, բայց այդուհանդերձ՝ ի՞նչ է նշանակում «բարի ցանկությունների ժողովածու»։

«ՀՀ օրենքի նախագիծ եք ներկայացնում, բարի ցանկությունները Վալենտինին իրար գրեք կամ Նոր տարուն Ձմեռ պապիկին նամակ գրեք, չնայած ուշ է, բայց դուք ամեն ինչ ուշ եք անում։ Պարտադի՞ր է, որ ձեր ցանկությունների համար Հայաստանը հայտնվի աշխարհաքաղաքական փակուղու մեջ։ Ու առհասարակ, եկեք մի քիչ խոսենք ձեր արտաքին քաղաքականությունից՝ այդ որ շուտասելուկի պես կրկնում եք, մի գիշերում, մի գիշերում փոփոխություն և այլն, որը չի եղել, բոլոր կողմերը տեղեկացված էին բանակցային գործընթացից, բա ձեր դիրքորոշումները քանի՞ գիշերում է փոխվել։

Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ իրենց իշխանությունը ՀՀ պատմության մեջ ամենառուսամետ իշխանությունն է, բայց մենք հիմա ունենք պատմական մինիմում հայ-ռուսական հարաբերությունների»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Կարդացեք նաև

Շարունակելով միտքը՝ ԱԺ պատգամավորը հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է տարածաշրջանացում, սակայն արդյունքում պատերազմի ժամանակ Հայաստանի բարեկամ և հարևան Իրանը և Վրաստանը փակում են իրենց օդային տարածքը։

«Այդ բալանսավորող, բալանսավորված արտահայտություններն առհասարակ մարազմի գագաթնակետն է ու ինձ հիշեցնում է, որ Արագածի գագաթներից մեկից Փաշինյանը բարիշացնում էր ԱՄՆ այն ժամանակվա նախագահին և Իրանի առաջնորդին։

Մարիա Կարապետյանն ասաց, որ այս գործընթացը բլեֆ չէ, հա, մեկ էլ ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ արված լուսանկարը բլեֆ չէ՞, ենթադրում եմ՝ արված դեսպան Մակունցի հեռախոսով։ Հետաքրքիր է, առհասարակ փոխնախագահ Վենսը տեղյա՞կ էր, թե այդ լուսանկարն ինչպես է օգտագործվելու, թե՞ մոտեցել, ասել են՝ կարելի՞ է նկարվել, ու ամեն ինչ այդպես է տեղի ունեցել։

Խոսում ենք ԵՄ-ի հետ հարաբերություններից, հայ-հայ է՝ ԵՄ անդամ են դառնում։ Միևնույն ժամանակ օրերս հրապարակվել է Եվրոպական խորհրդարանում արտաքին հարաբերությունների Աֆետի զեկույցը, ու այնտեղ ուղղակի ակնարկ չկա, որ Հայաստանին այնտեղ սպասում են, ես խոսում եմ պառլամենտական մակարդակի մասին։ ԵՄ մտնո՞ղ եք, CEPA-ն իմպլեմենտացրե՛ք, որ փաստաթուղթը բացում ենք, մեր կնքած CEPA-ի իմպլեմենտացիայի վերաբերյալ՝ խայտառակ վիճակ է»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս