Արարատը Հայաստանի, Երևանի սիմվոլն է, դու ո՞նց ես ուզում հրաժարվել դրանից. Լևոն Զուրաբյան

«Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության դեմ․ դա միայն հայերի դեմ չէր։ Լեմկինի կոնցեպտը դա է։ Եթե սա դառնում է ընդամենը Հայաստանի հարց, կորցնում է իր նշանակությունը։ Դա էր պատճառը, որ ցեղասպանության հարցը ժամանակին մեր քաղաքական օրակարգի մեջ՝ որպես առաջնահերթություն, չէր դրվում։ Մենք դա չդարձրինք քաղաքականության հարց, բայց հարցը տեղափոխեցինք բարոյական հարթություն»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց «Հայ ազգային կոնգրես» (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ երբ դու ցեղասպանության հարցը մտցնում ես քաղաքական օրակարգ, այն դառնում է մանրադրամ, այն, ինչ արվում է հիմա։

«Այսօր Նիկոլը կցվել է ցեղասպանության արդարացման գործին, և դա ունի իր պատճառը։ Արցախի ցեղասպանությունը, եկեք չմոռանանք, կատարվել է Փաշինյանի օրոք։ Ոչնչացվեց Արցախ հայոց աշխարհը։ Դա կապված է Նիկոլ Փաշինյանի անվան հետ, ու ինքը հիմա զբաղված է մի բանով՝ պատասխանատվությունն իր վրայից մի կողմ դնելով։ Պարզ է, որ դրա համար ռուսներից հարմար թիրախ չկա, ամեն ինչում մեղադրում է ռուսներին՝ շատ հեշտ տեղավորվելով թուրքական դոկտրինի մեջ»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Վերջինս նկատեց՝ առհասարակ պետք է չմտնել որևէ կայսրության օրակարգի մեջ, պետք է ունենալ սեփական օրակարգը։

Կարդացեք նաև

«Ռուսական կայսերական, խորհրդային նարատիվը վաղուց մերժվել է, ինչո՞ւ եք ուզում մտնել նոր նարատիվի մեջ։ Սա Անկարայի նարատիվի ընդունում է։ Նիկոլ Փաշինյանը ստեղծում է Հարավային Կովկասում նոր տերերի հովանու տակ մտնելու գաղափարական հիմքերը։ Դրա համար էլ պետք է ասի՝ ռուսները վատն են, թուրքերը՝ պուպուշ։ Իհարկե, թուրքերի հետ պետք է հաշտվել, բայց դա պետք է արվի ուժի դիրքերից։ Հայաստանն այնքան դիմադրողականություն պետք է ունենա, որ դիմադրի թուրք-ադրբեջանական պահանջներին»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Քաղաքական գործիչը նկատեց՝ Փաշինյանը հատել է բոլոր կարմիր գծերը: Կարմիր գիծ է հատվում այն ժամանակ, երբ զոհաբերում ես ոչ թե քո հավակնությունը, այլ ինքնությունը։ Նիկոլ Փաշինյանի կոնցեպցիան ինքնությունը կորցնելն է։

«Ինքը «Հայոց պատմությունը» փոխում-դարձնում է «Հայաստանի պատմություն», որովհետև ինքը Հայաստանի պատմությունը հաշվում է 2018թ.-ից, երբ եկավ իշխանության… Արարատը Հայաստանի, Երևանի սիմվոլն է, դու ո՞նց ես ուզում հրաժարվել դրանից։ Սա հիմարություն է։ Ընդամենը պետք էր հայտարարել, որ մենք տարածքային պահանջներ չունենք»,- եզրափակեց Լևոն Զուրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս