![](/banners/BeFunky-design.jpg)
Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-nfEvuTBvdNoN3U.jpg)
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում փետրվարի 8-ին տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) և հաստատվել է շտաբի կազմը:
Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Օպերատիվ աշխատանքային խումբը պետք է կազմակերպի հրդեհի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ և արդյունքների վերաբերյալ վարչապետին պարբերաբար ներկայացնի տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության՝ առաջարկություններ:
Փետրվարի 8-ի առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքերից մեկում: Մեկ անձ զոհվել է: Բուժօգնության է դիմել 8 քաղաքացի, որից 3-ը տեղափոխվել են Երևան, 1 անձ բուժում է ստանում Ստեփանավանի բժշկական կենտրոնում։
Մյուս քաղաքացիները ստացել են առաջին բուժօգնությունն ու դուրս գրվել հիվանդանոցից։
Ներկա պահին տարհանված քաղաքացիներն ապահովված են կեցության վայրերով։ 29 քաղաքացի տեղավորվել է հյուրանոցներում, 13-ը՝ հարազատների բնակարաններում:Տարհանված քաղաքացիներից 6-ը անչափահաս երեխա է։Նշվում է, որ բոլոր ընտանիքներն ապահովված են սննդով և հիգիենիկ անհրաժեշտ պարագաներով, ըստ անհրաժեշտության՝ նաև դեղորայքով։