Արարատ Միրզոյանն Օսլոյում ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի շուրջ ՀՀ ընկալումները

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 7-ին հանդիպում է ունեցել Միջազգային հարաբերությունների նորվեգական ինստիտուտի ղեկավար և փորձագիտական կազմի հետ։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի շուրջ ՀՀ ընկալումները, կայունության և խաղաղության հաստատման հնարավորությունները, ինչպես նաև այդ ճանապարհին առկա մարտահրավերները։

«ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի համատեքստում անդրադարձ է կատարվել նոր՝ ամուր գործընկերությունների ձևավորման ուղղությամբ աշխատանքներին, այդ ուղղությամբ առկա ձեռքբերումներին։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական նպատակներից է ՀՀ շուրջը կայուն անվտանգային մթնոլորտի ապահովումը՝ հիմնված պետականության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ անվերապահ հարգանքի վրա»,-նշված է ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։

ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանել է ներկաներին հետաքրքրող այլ հարցերի։

Տեսանյութեր

Լրահոս