![](/banners/BeFunky-design.jpg)
Եղանակային պայմաններից ելնելով ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/476442256_600421502953956_2181342859241913612_n.jpg)
Հաշվի առնելով եղանակային գործոնները՝ հատկապես ձյան տեղումները, մառախուղը և մերկասառույցը, որոնք ավտոճանապարհները հաճախ դարձնում են դժվարանցանելի, վտանգավոր և պատճառ հանդիսանում տրանսպորտային միջոցների արգելափակման, ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի կարգադրությամբ Փրկարար ծառայության ստորաբաժանումներն անցել են ուժեղացված ծառայության։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Ավտոմեքենաների արգելափակումները, հատկապես միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհներին, ամենատարածված խնդիրներից են, որոնք հաճախ խոչընդոտում են բնականոն երթևեկությանը և առաջացնում լրացուցիչ խնդիրներ:
Բնակչության անվտանգություն ապահովելու և տեղումներով պայմանավորված արտակարգ դեպքերին արագ արձագանքելու նպատակով հանրապետության մի շարք միջպետական ավտոճանապարհներին հրշեջ-փրկարարական ջոկատների կողմից պարբերաբար իրականացվում են շրջայցեր, սահմանվում է հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում ծավալվում հենակետեր։
Փրկարարներն օպերատիվորեն արձագանքել են քաղաքացիների կողմից ստացված բազմաթիվ ահազանգերին. փետրվարի 6-ին հանրապետության ավտոճանապարհների խնդրահարույց հատվածներում արձանագրվել է արգելափակման կամ խցանման մեջ հայտնված տրանսպորտային միջոցների 8 դեպք։ Փրկարարներն ընդհանուր առմամբ արգելափակումից դուրս են բերել 78 տրանսպորտային միջոց, 204 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Փրկարար ծառայությունը հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները: