Ինչ հարցեր են այսօր քննարկելու Թրամփն ու Նեթանյահուն
Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կանցկացնեն իրենց առաջին պաշտոնական հանդիպումը Թրամփի՝ Սպիտակ տուն վերադարձից հետո։ Ինչպես փոխանցում է BBC-ն՝ Թրամփը բազմիցս հայտարարել է Մերձավոր Արևելքի դեմքը փոխելու իր հավակնությունների մասին, և Նեթանյահուի այցը Վաշինգտոն, կարծես, ամերիկյան նոր վարչակազմի առաջին նշանակալի քայլն է այդ ուղղությամբ:
«Մենք կքննարկենք Իսրայելի և մեր տարածաշրջանի առջև ծառացած ամենակարևոր խնդիրները՝ լիակատար հաղթանակ ՀԱՄԱՍ-ի նկատմամբ, բոլոր պատանդների վերադարձը և իրանական սպառնալիքին դիմակայելը»,- ասել է Նեթանյահուն ԱՄՆ մեկնելուց առաջ։
Շատ փորձագետներ նշում են այն փաստը, որ Բենիամին Նեթանյահուն առաջին համաշխարհային առաջնորդն էր, ով Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո հրավեր ստացավ Վաշինգտոն:
Նա Միացյալ Նահանգներ է ժամանել երեկ և այս շաբաթվա ընթացքում կհանդիպի ոչ միայն նախագահի, այլ նաև վարչակազմի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նոր հատուկ բանագնաց Սթիվ Վիտկովի հետ։
Բանակցությունների գլխավոր թեման լինելու է Գազայի հատվածի ապագան։ Այս խնդրի լուծումը կորոշի, թե Սպիտակ տունը որքանով կարող է հաջողությամբ իրականացնել տարածաշրջանում իր հետագա, ավելի լայն քաղաքականությունը՝ կարգավորելով արաբական աշխարհի և Իսրայելի միջև հարաբերությունները և զսպելով Իրանը: