Արաբական հինգ երկրների արտգործնախարարները դեմ են հանդես եկել Գազայի հատվածից պաղեստինցիների վտարմանը
Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Եգիպտոսի և Հորդանանի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Պաղեստինի նախագահի խորհրդականը նամակ են հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, որում դեմ են հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելու պլաններին:
Այս մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը, որի տրամադրության տակ է հայտնվել նամակը։
Նամակից հետևում է, որ Մերձավոր Արևելքն արդեն «ծանրաբեռնված է աշխարհում ամենամեծ թվով տեղահանված անձանցով և փախստականներով»։
«Մենք պետք է զգոն լինենք, որպեսզի չմեծացնենք տարածաշրջանային կայունության վտանգը բնակչության հետագա տեղահանման ճանապարհով, նույնիսկ եթե դա ժամանակավոր է, քանի որ դա մեծացնում է արմատականացման և անկարգությունների վտանգն, ընդհանուր առմամբ, ողջ տարածաշրջանում», – կոչ են անում նամակի հեղինակները։
Նախարարներն ընդգծել են, որ Գազայի հատվածի ցանկացած վերականգնում պետք է իրականացվի պաղեստինցիների մասնակցությամբ։
«Պաղեստինցիները կապրեն իրենց հողի վրա և կօգնեն դրա վերականգնմանը. նրանք չպետք է զրկվեն վերակառուցման ժամանակ ձայնի իրավունքից և պետք է այդ գործընթացի պատասխանատվությունն ստանձնեն միջազգային հանրության աջակցությամբ», – նշել են նրանք:
Պաշտոնյաները նշել են, որ իրենց երկրները ցանկանում են աշխատել Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության տեսլականին համապատասխան։
Նրանց կարծիքով՝ խաղաղության հասնելու լավագույն միջոցը երկու պետություն ստեղծելն է։ Նրանք ընդգծել են, որ պատրաստ են ապահովել տարածաշրջանում այնպիսի պայմաններ, որոնք կերաշխավորեն Իսրայելի ու պաղեստինցիների անվտանգությունը։
Վերջին շաբաթվա ընթացքում Թրամփը երեք անգամ հրապարակայնորեն խոսել է վերականգնողական աշխատանքներ անցկացնելու ժամանակ պաղեստինցիներին Գազայից Եգիպտոս և Հորդանան վերաբնակեցնելու իր գաղափարի մասին: