Կրեմլը չի մեկնաբանել Սիրիայի նոր իշխանությունների՝ Ասադին արտահանձնելու պահանջի մասին լուրը
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը առանց մեկնաբանության թողել է սիրիական SANA գործակալության հաղորդագրությունն այն մասին, որ սիրիական իշխանությունները փոխհատուցում են պահանջել Ռուսաստանից՝ վստահությունը վերականգնելու համար, ինչպես նաև աղբյուրների պնդումներն առ այն, որ նոր իշխանությունները պահանջել են արտահանձնել երկրի նախկին նախագահ Բաշար ալ Ասադին:
«Ոչ, ես դա թողնում եմ առանց մեկնաբանությունների»,- ՏԱՍՍ-ի՝ փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Ավելի վաղ սիրիական Sana գործակալությունը հայտնել էր, որ սիրիական նոր իշխանությունները, ռուսական պատվիրակության այցի ժամանակ, Ռուսաստանից փոխհատուցում են խնդրել «վստահությունը վերականգնելու» համար։ Բանակցությունների ընթացքում սիրիական կողմը հայտարարել է, որ Մոսկվայի հետ հարաբերությունների վերականգնման ընթացքում, ռուսական կողմը պետք է «հաշվի առնի անցյալի սխալները, հարգի սիրիացի ժողովրդի կամքը և նրա շահերը»։
Ինչ վերաբերում է Ասադին, ապա նա զինված ընդդիմության զանգվածային գրոհից հետո դեկտեմբերին հրաժարական է տվել և ընտանիքի հետ ապաստան է ստացել ՌԴ-ում: