
Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեն 2024 թվականի դեկտեմբերի 9-ին վերահաստատել է, որ Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը` 2020-2023 թվականներին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։ Նշվում է, որ այս մասին տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը` պաշտոնական գրությամբ:
Վերահաստատումն իրականացվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայտնաբերման, ախտորոշման, բուժման և բուժման մոնիթորինգի մեր երկրում գործող ընթացակարգերի և գործելակարգերի, իրավական դաշտի և 2020-2023 թթ. ընթացքում իրականացված օրենսդրական փոփոխությունների ուսումնասիրության, տեղեկատվական, մոնիտորինգի և գնահատման համակարգերի, լաբորատոր համակարգի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մանկաբարձագինեկոլոգիական և ընտանիքի պլանավորման ոլորտներում մատուցվող ծառայությունների կառուցվածքի, մարդու իրավունքների, խարանի և խտրականության նվազեցմանն ուղղված միջոցառումների, իրականացվող ծրագրերում հասարակական կազմակերպությունների ներգրավվածության գնահատման միջոցով:
Կարգավիճակի վերահաստատման հետ միաժամանակ, Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեի կողմից ներկայացվել են հետագայում ևս մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացնելու պահպանմանն ուղղված առաջարկություններ, որոնց իրագործման աշխատանքները նախատեսված են առաջիկա երեք տարիների ընթացքում:
Հայաստանի հաջորդ գնահատումը 2024-2027թթ․ ժամանակահատվածի համար տեղի կունենա 2028 թվականին։