Ազգակործան ղեկավարությունը պարտության տարավ մեր բանակին. բանակը մեր սրբությունն է. Սեյրան Օհանյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը պատասխան տա, թե որտեղ է իրենց գնած ռազմական տեխնիկան։
«Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե Արարատի ու պատմական Հայաստանի խոսույթի ներքո ՀՀ-ին հազիվ ժանգոտած, ոչ պիտանի զենք վաճառեն, Օհանյանն ասաց.
«Մենք երբևէ ժանգոտած զենք չենք գնել, չենք ունեցել այնպիսի սպառազինություն, որն անպիտան է եղել մարտի դաշտում։ Ընդհակառակը՝ տարիներ շարունակ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ոչ միայն գնել ենք ռազմական տեխնիկա, մենք այն ձեռք ենք բերել ՀԱՊԿ-ից՝ ցածր գներով, ինչպես նաև մեր ռազմավարական գործընկերոջից ենք ստացել բավականին մեծ քանակությամբ առաջատար սպառազինություն։
Փաշինյանը թող ինքը պատասխան տա, թե ուր է այն սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, որ եղել է հայկական բանակի ձեռքում, ինչու ինքը չկարողացավ արագ տիրապետել կառավարման հիմունքներին, երբ ասում էր, որ որևէ մեկս չկասկածենք, թե ինքը կարող է գերագույն հրամանատար լինել»։