Թուրքիան գրավոր պահանջել է ՀՀ Անկախության հռչակագրի չեղարկում, զինանշանի վրայից Արարատի հեռացում. Սուրեն Սարգսյան
«Փաշինյանի դիրքորոշումները Ցեղասպանության փաստի վերաբերյալ անհասկանալի և աբսուրդային իրավիճակ են ձևավորում ՀՀ միջազգային գործընկերների մոտ»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի վերջին հայտարարությունների հնարավոր պատճառներին։
Նա նշեց, որ աշխարհի խոշոր խաղացողները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ԱՄՆ-ը՝ ամենատարբեր մակարդակներով, Սպիտակ տունն էլ՝ արդեն Ջո Բայդենի նախագահության օրոք, յուրաքանչյուր ապրիլի 24-ին Ցեղասպանություն բառը կիրառել է իր ուղերձում, այսինքն՝ աշխարհը մեծ հաշվով ճանաչել է Ցեղասպանության փաստը։
«Բոլորի համար է զարմանալի, թե ինչպես կարող է ՀՀ իշխանությունը նման մոտեցում որդեգրել Ցեղասպանության հարցի վերաբերյալ։ Բնականաբար, դժգոհությունը կա ոչ միայն մեզ մոտ, համայնքում, Սփյուռքում, այլև մեր գործընկերների մոտ, որովհետև իրենք ճանաչել են, հիմա դու ասում ես՝ չես ճանաչում, իրենք պետք է չեղարկե՞ն ճանաչումը։ Սա միջազգային գործընկերների մոտ անհասկանալի ու աբսուրդային իրավիճակ է ձևավորում, ինչի լուծումները չգիտեմ՝ ինչպես են տրվելու»,- ասաց Սուրեն Սարգսյանը։
Միջազգայնագետի կարծիքով, դա, թերևս, Թուրքիայի պահանջն է, Ադրբեջանի պահանջն է։
«Ես որոշ ժամանակ առաջ գաղտնազերծված մի քանի փաստաթուղթ էի հրապարակել՝ 1990-ական թթ․ Թուրքիան ուղղակի Հայաստանին ներկայացնում էր այն նախապայմանները, որոնք ՀՀ-ն պետք է բավարարեր Թուրքիայի հետ հարաբերութունները վերականգնելու համար։ Ժամանակը ցույց տվեց, որ այն նախապայմանները, որ ժամանակին եղել են և թղթին հանձնվել են ամերիկացի միջնորդների կողմից մեզ, լրիվ նույնն են։
Դա ՀՀ Անկախության հռչակագրի չեղարկումն է, Ցեղասպանության ճանաչումը ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից հանելն է, տարածքային ամբողջականության ճանաչումն է, մեր զինանշանի վրայից Արարատ լեռան հեռացումն է, այս նախապայմանները մեզ 30 տարի առաջ արդեն ներկայացվել են»,- ասաց Սարգսյանը։