«Սահմանազատման արդյունքում Ներքին Հանդի, Տեղ համայնքի ու այլ հատվածների օկուպացրած տարածքները չեն վերադարձվելու, վախենամ՝ մի բան էլ դեռ նվիրեն նրանց». Արգամ Հովսեփյան
Հունվարի 16-ին ՀՀ արտգործնախարարությունից տեղեկացրել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը։
«Հանդիպման ընթացքում Կողմերը շարունակել են մտքերի փոխանակությունը սահմանազատման աշխատանքների հետագա իրականացման համար սահմանագծի հատվածների/հատվածամասերի հերթականության հարցի շուրջ և համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ»,- նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն արդեն ասել են, որ սահմանազատման գործընթացը սկսելու են կրկին Տավուշից, որտեղից այն նախորդ տարվա ապրիլին մեկնարկել էր։
Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանի խոսքով՝ վաղ, թե ուշ այդ գործընթացը հասնելու է նաև Սյունիք, որտեղ որևէ մեկը դրան չի սպասում։
«Այդ սահմանազատումն ու սահմանագծումը, եթե Սյունիքում անեն, ուրեմն՝ զոռով են անելու, որովհետև դրան որևէ մեկն այստեղ չի սպասում։ Եթե նույնիսկ անեն, դա ժամանակավոր է լինելու, թող չուրախանան։
Ես վստահ եմ, որ այդ սահմանազատման արդյունքում թշնամու կողմից Ներքին Հանդի, Իշխանասարի, Տեղ համայնքի ու այլ հատվածների օկուպացրած տարածքները չեն վերադարձվելու, վախենամ, որ մի բան էլ դեռ նվիրեն նրանց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արգամ Հովսեփյանը։
Նա վստահ է՝ այս իշխանությունն ինչ էլ անի, ժամանակավոր է լինելու, որովհետև արդեն տարածք էլ չկա թշնամուն հանձնելու համար։
«Ես մի բան գիտեմ, որ մեր Արցախը, օկուպացրած տարածքները պետք է վերադարձնենք, եթե ուզում ենք անվտանգ ապրել»,- հավելեց Արգամ Հովսեփյանը։
Ինչ վերաբերում է Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններին, Արգամ Հովսեփյանն ասաց՝ ադրբեջանական կողմը ցանկանում է ահաբեկել, բայց չեն կարողանում։
«Մենք սահմանի մարդ ենք, մենք չենք ահաբեկվում»,- ընդգծեց նա։