«Ստո՛ւմ են, գլուխները պատին են տալիս… Ժամանակ է գալու, Ոսկեպար-Կիրանց գլխավոր մայրուղին տալու են թշնամուն, Ոսկեպարը մնալու է անկլավ». Մախսուդյան

Երեկ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարց ուղղեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ հետաքրքրվելով՝ Հայաստան-Վրաստան ճանապարհի Կիրանցով և Ոսկեպարով անցնող հատվածի որևէ մաս ադրբեջանական կողմին հանձնելու պայմանավորվածություն կա՞, թե՞ ոչ։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այդպես էլ հստակ պատասխան չտվեց ընդդիմադիր պատգամավորին՝ հորդորելով կարդալ  սահմանազատման և սահմանագծման հաստատված կանոնակարգը։

Դրան զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը և իշխանության տարբեր ներկայացուցիչներ հայտարարում են, որ սահմանազատման գործընթացը կրկին սկսում են Տավուշից, որպեսզի ապահովեն տավուշցիների անվտանգությունը։

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը մտահոգություններ ունի, որ Տավուշում գործընթացի ավարտից հետո հանկարծ Ոսկեպարը կարող է դառնալ անկլավ՝ Ադրբեջանի հսկողության տակ։

Կարդացեք նաև

«Իշխանության գլխավոր ներկայացուցչին հարց եմ ուղղել Տավուշում եթե սահմանազատում եք անում, ինչո՞ւ չեք սկսել Ջերմուկից, որտեղ հակառակորդը տարածքներ է օկուպացրել։ Նա ինձ պատասխանել է, թե՝ եղբայր, այստեղ ավարտելու ենք, գնանք Ջերմուկ, ո՞ւր է։ Այս հարցը տվել եմ նրան, երբ նախորդ տարի եկավ Տավուշ ու հանդիպեց մարդկանց հետ։ Իր ասածների ապացույցը ես չունեմ, որովհետև նրա հետ հանդիպելիս բոլորի հեռախոսները հավաքել են, ասածները կարող են փաստել հանդիպման ներկա բնակիչները։

Արձանագրում եմ՝ հերթական սուտը, սա կփաստեն մեր բնակիչները, որոնք ներկա էին նրա հետ հանդիպմանը։

Կարող էին սկսել Ջերմուկից, Իշխանասարից, այսինքն՝ այն տարածքներից, որոնք հակառակորդի հսկողության տակ են՝ մասամբ»,- 168.am հետ զրույցում նշեց Միհրան Մախսուդյանը։

Նրա բնորոշմամբ՝ «մի ստախոս էլ Մհեր Գրիգորյանն է», ուստի նախկինում եղած կարծիքը չի փոխում։

«Ասել եմ՝ ժամանակ է գալու, որ Ոսկեպար-Կիրանց ճանապարհը՝ գլխավոր մայրուղին, տալու են թշնամուն, իսկ այդ դեպքում Ոսկեպարը մնալու է անկլավ։ Ոսկեպարում բնակչություն չի կարող մնալ, դատարկվելու է։

Երբ իշխանությունն ասում է, թե Տավուշից են անում սահմանազատումը՝ բնակչության անվտանգությունն ապահովելու համար. Ստո՛ւմ են, գլուխները պատին են տալիս, նման բան չկա։ Սահմանին ապրող մարդը երբեք չի ասել, որ անվտանգ է ապրում, մի քանի «զոմբիներ» միայն կարող են ասել»,- ընդգծեց Միհրան Մախսուդյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 16-ին ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպումը։ Կողմերը պայմանավորվել էին աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:

Տեսանյութեր

Լրահոս