Ինչո՞ւ է անհրաժեշտ ամեն օր սաղմոս ընթերցելը
Հին Կտակարանի իմաստության գրքերից մեկը՝ Սաղմոսարանը, ընդգրկում է հարյուր հիսուն սաղմոսներ, որոնց մեծամասնության հեղինակը Դավիթ թագավորն է: Սաղմոսներն օրհներգություններ են, գոհության մաղթանքներ, աղոթքներ, ուսուցումներ և մարգարեություններ, որոնք ի սկզբանե երգով և նվագածությամբ են ասվել: Երբ Դավիթ թագավորը սաղմոսներ էր նվագում քնարով, նրա հնչյուններից փարատվում էր հրեաների առաջին արքայի՝ Սավուղի մելամաղձությունը:
Քրիստոսի երկրային կյանքի ուղեկիցն է եղել սաղմոսերգությունը: Սբ. Օգոստինոսը Քրիստոսին անվանել է «սաղմոսների սքանչելի Երգիչ»: Այնուհետև Գործք Առաքելոցում և առաքելական նամակներում տեսնում ենք, որ առաքյալներին և առաջին դարի քրիստոնյաներին ևս հոգեհարազատ էր սաղմոսերգությունը: Սբ. Պողոս առաքյալն եփեսացիներին ուղղված նամակում հորդորում է. «Միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերո՛վ խոսեցեք և ձեր սրտերում միշտ երգեցե՛ք ու սաղմո՛ս ասացեք Տիրոջը՝ ամեն բանի համար միշտ շնորհակալություն հայտնելով Հայր Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով» (Եփեսացիներ 5:19-20):
Երբ սկսվեց վանական շարժումը, վանքերում և մենաստաններում վանականների առաջին աղոթագիրքը դարձավ սաղմոսարանը (Նոր կտակարանի և սաղմոսների անգիր իմացությունը պարտադիր է եղել Հայոց վանքերում): Հայ Առաքելական Սբ. եկեղեցին առանձնահատուկ նախասիրություն ունի սաղմոսների նկատմամբ: Հայոց ծիսարանը և մասնավորապես Ժամագիրքը հիմնականում սաղմոսներից է կազմված: Հայ հոգևոր երգերը, շարականները, գանձերը, տաղերը, ինչպես նաև Սբ. Գրիգոր Նարեկացու, Սբ. Ներսես Շնորհալու և այլոց աղոթքները սաղմոսներից են ներշնչված:
Մովսես Խորենացին նկարագրել է Սբ. Սահակ Պարթև կաթողիկոսի սաղմոսերգությունն իր վաթսուն աշակերտների հետ միասին, որ նման էր անապատականների աղոթքին: Հին դպրոցներում Սաղմոսարանն օգտագործել են իբրև դասագիրք:
Ղազար Փարպեցին վկայում է, որ Սբ. Գրքի թարգմանությունից հետո մեծերն ու փոքրերը սովորել ու ամենուր զվարճացել են սաղմոսներ ասելով: Իսկ ըստ Կիրակոս Գանձակեցու, եթե ուրիշ ազգերը «գրքով են երգում սաղմոսներ», ապա հայերը «անգիր են երգում սաղմոսները»:
Սաղմոսները դարեդար երգվել են ու արտասանվել ռազմի դաշտերում, պանդխտության մեջ, արտերում և այգիներում, եկեղեցիներում և վանքերում, նեղության և ուրախության մեջ: Եղիշե պատմիչը նկարագրում է, որ Ավարայրի ճակատամարտից հետո նախարարները, զինվորները և հասարակ ժողովուրդը, շարունակելով Հայոց երկրի պաշտպանությունը, չէին մոռացել աղոթելը, և պատմիչը գրում է. «Սաղմոսներն էին մրմունջը նրանց երգերի»:
Նշանավոր աստղագետ Ի. Մեդլերը (1794-1874թթ.) իր աստղագիտության մասին գրքի բնաբանում օրինակ է բերել Դավիթ սաղմոսերգուի այս խոսքերը. «Երկինքը պատմում է Աստծո փառքը» (Սաղմոս 18:2):
Այս օրինակները վկայում են, որ սաղմոսների ստեղծման իսկ օրից դարեր շարունակ հավատավոր անձանց համար սաղմոսը համարվել է առանձնահատուկ և սիրելի մի աղոթք ու երգ:
Մշտական սաղմոսացությունն ուշադրությամբ և երկյուղածությամբ, ըստ եկեղեցու հայրերի, մեծ օգուտ է բերում հոգուն, մարդը գտնում է այնտեղ այն, ինչ իրեն հարկավոր է և հոգեշահ, այն հրեղեն մի սյուն է դեպի երկինք բարձրացող:
Կյանքի տարբեր պարագաներում սաղմոսներն օգնում են մարդուն իմաստավորելու իրենց կյանքը՝ գտնելով ուրախություն, հույս և մխիթարություն: Այդ մասին է վկայում մի ընտանիքի պատմություն, որ ապրել է համերաշխ և բարվոք կյանքով: Ընտանիքի հայրը շատ հաճախ էր ընկնում թախծալի տրամադրության մեջ, նա կարիք ուներ որևէ մեկի հետ անկեղծանալու, բայց կինը չէր նկատում իր հոգեվիճակը, իսկ երեխաներն էլ դեռ շատ փոքր էին: Ուստի նա դիմում է հոգևորականին, թե ինչպես կարելի է հաղթահարել թախիծը: Եվ հոգևորականի հորդորն էր՝ սաղմոս ընթերցել: Մի քանի օր հետո ընտանիքի հայրը հոգևորականին ասում է, որ սկսել է սաղմոս ընթերցել, բայց ոչինչ չի հասկանում, իսկ հոգևորականը նրան պատասխանում է Սբ. Ամբրոսիոսի խոսքերով. «Դու չես հասկանում, բայց չարն է շատ լավ հասկանում և փախչում: Շարունակիր կարդալ և մի օր անպայման կհասկանաս կարդացածդ»:
Եկեղեցու հայրերից Հայր Սավվան պատմում է, որ իր կյանքի մի կարճատև շրջան ապրել է որոշ դժվարություններ. ժամանակը չի բավարարել իր անելիքների համար, և ինքը հայտնվել է անօգնական ու հուսահատ վիճակում: Երազում իրեն հայտնվել է Աստվածամայրը և այսպիսի խորհուրդ տվել. «Սաղմոս է անհրաժեշտ կարդալ, չէ՞ որ դա քո կյանքն է»: Այդ օրվանից Հայր Սավվան հաղթահարում է դժվարությունները, չի դադարեցնում սաղմոսացությունը՝ ուսուցանելով այն նաև ուրիշներին: Հայր Սավվան սաղմոսների զորության հետ կապված հետևյալ պատմությունն է գրել.
«Մի օր վանքում իրեն մի հիվանդ վանական է դիմում՝ իր համար աղոթելու խնդրանքով: Բժիշկը հիվանդ վանականին նշանակել էր անկողնային ռեժիմ: Հայր Սավվան նրան խորհուրդ է տալիս սաղմոս ընթերցել, բայց հիվանդ վանականն ասում է, որ ի վիճակի չէ և նրա կրկնակի մերժումներին նա Հայր Սավվայից նույն հորդորն է լսում: Մի քանի օր հետո հիվանդ վանականը կարողանում է նստել և նստած կարդալ սաղմոսները, ապա ամբողջովին է առողջանում՝ ևս տասը տարի ապրելով»:
Այն, որ ժամանակի սահմաններից դուրս է սաղմոսների արժեքը և զորությունը, վկայում է հետևյալ պատմությունը: Անցյալ տարի ուխտագնացությանը մի ուխտավոր ինձ պատմեց իր ընկերուհու հետ կատարվածը: Սաղմոսներից նա անգիր էր սովորել 91(90)-րդ սաղմոսը՝ «Աստված մեր ապավենն է» կոչվող և մի օր՝ երեկոյան, աշխատանքից տուն վերադառնալիս, ոչ լուսավոր տարածքում փորձել է մեկն իր վրա հարձակում գործել և 91(90)-րդ սաղմոսից երկու տող էլ դեռ չէր ասել, երբ հարձակվողը կանգ է առել և արագ հեռացել:
Այսպիսով, չմոռանանք սաղմոսացությունը, քանի որ, ըստ սաղմոսերգուի խոսքի, բարի է գոհաբանել Տիրոջը, սաղմոս երգել Նրա անվանը (Սաղմոս 92(91):2), ինչպես նաև.
«Սաղմոսը դա հոգու լռություն է, այն հանդարտեցնում է խռովարար և անհանգիստ միտքը, բարկացկոտ հոգին: Այն ընկերության միջնորդ է, հեռու գտնվողների միավորողը, թշնամացածների հաշտեցնողը: Սաղմոսները հալածում են դևերին՝ օգնություն կանչելով հրեշտակներին, զենք են գիշերային վախերի դեմ, հանգստություն՝ ամենօրյա աշխատանքից հետո, պաշտպանություն՝ նորածիններին, զարդ՝ կանանց և ծաղկուն հասակի մեջ գտնվողների համար և մխիթարություն՝ մեծահասակներին» (Սբ. Վասիլի Մեծ):
Կարինե Սուգիկյան