Սթափվել, Հայաստանում բերել ազգային իշխանությունների, խորացնել Իրանի ու Ռուսաստանի հետ հարաբերությունները. հակառակ դեպքում հայրենազրկումը մոտալուտ է. Դավիթ Ջամալյան

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի խոսքով՝ Հայաստանում այսօր տիրող իրավիճակի, Արցախի կորստի հեռանկարն ակնհայտ էր դեռևս 2018 թվականին: Այդ ամենը հասկանալու համար ընդամենը պետք է ուսումնասիրվեին այն մարդկանց կենսագրությունները, որոնք գալիս էին իշխանության։ Հետևաբար, այդ ամենի տրամաբանության մեջ է մտնում նաև այս իշխանությունների վարվող քաղաքականությունը Թուրքիայի, Ադրբեջանի հետ ու այդ համատեքստում՝ ՀՀ սահմանների որոշ հատվածներից ռուս զորակազմին հեռացնելը, ինչպես նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որ Թուրքիայի հետ հարաբերությունների որոշակի կարգավորումից հետո կմտածեն ՀՀ-ից 102-րդ ռազմաբազայի դուրսբերման մասին։

«Հիմա թող այն ռուս պատասխանատուները, որոնք 2018 թվականին կարծում էին, թե հայ-ռուսական հարաբերությունները հնարավոր է կայուն պահել Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, և դրա ջատագովն էին, թող գնան ու Կրեմլում պատասխան տան։ ՀՀ իշխանությունները, ամեն մեկն իրականությունից կտրված, իր սենյակում նստած՝ Հայաստանի քաղաքական վեկտորը փոխում են ի վնաս սեփական երկրի. դա իրենց մոլորության ու կարճատեսության արդյունքն է։ Այս իշխանությունն ուր, Հայաստանը ուր։ Եթե այս իշխանությունը կարծում է, որ Թուրքիայի հետ կարող է հարաբերությունները կարգավորել ու դարձնել մեզ դաշնակից՝ սխալվում է։ Սիրիայի օրինակը բացահայտ ապացուցում է այս ամենը։ Այսպիսով՝ մինչև 2010 թվականն Էրդողանը Սիրիայի նախկին նախագահ Ասադի հետ հարաբերությունները կարգավորելու ինչ-որ պրոցես էր իբր սկսել։ Սիրիան ինչ-որ հարցերում ընդառաջ գնաց Թուրքիայի պահանջներին, բայց Էրդողանն օգտագործեց «զրո պրոբլեմ հարևանների հետ» կոնցեպտը, որը ոչ թե հարևանների հետ ունեցած խնդիրներն է լուծում, այլ երկրներին է զրոյացնում»,-168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Ջամալյանը՝ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների և Հայաստանի անվտանգության վրա այդ հարաբերությունների անդրադարձի մասին։

Նա նաև հավելեց՝ Թուրքիան պարզապես կուլ տվեց Սիրիային՝ բացառությամբ մի փոքր հատվածի, նույնը կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ։ Իսկ 102-րդ ռազմաբազան տեղակայվել է հայ-թուրքական սահմանին, Թուրքիայից մշտապես եկող, անվերջանալի, հավերժական վտանգները չեզոքացնելու համար։

«Հայաստանում թրքացածների մի խումբ եկավ իշխանության, սկսեց հակառուսականություն տարածել՝ ազգին կանգնեցնելով փաստի առաջ։ Մինչև 2018 թվականն այդպես չէր։ Իհարկե, որևէ փաստաթուղթ չի երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը Թուրքիայից, ավելին՝ այս պայմաններում թուրքը կարող է առանց դիմադրության ստանալ այն ամենը, ինչը մինչև 2018 թվականը չէր կարողանում ստանալ։ Եթե այս «խաղաղության պայմանագիր» կոչվող թուղթը ստորագրվի, վստահ եմ՝ ՀՀ-ից ռուսներին հանելու հարցը հաստատ դրվելու է։ Եթե այդ պահանջն ընդունեն ռուսներն ու դուրս գան, չեմ պատկերացնում՝ ինչ է տեղի ունենալու։ Նախ, տեղի է ունենալու թուրքական էքսպանսիա, տեսնելու ենք, որ ժամանակ առ ժամանակ ինչ-որ ահաբեկչական խմբեր, ամբոխ հատելու են սահմանը ու լցվեն Հայաստան։ Թուրքիան էլ պահանջ կներկայացնի, որ Հայաստանում այդ մարդկանց նկատմամբ լինեն հոգատար։

Կարդացեք նաև

Եթե Սահմանադրությամբ ամրագրվեց, որ այստեղ ապրող ադրբեջանցիների անվտանգությունը պետք է պահպանի երրորդ երկրի զորակազմ, ապա այդ երկիրը լինելու է Թուրքիան»,- հավելեց Դավիթ Ջամալյանը։

Ըստ նրա, եթե հայ ազգը չսթափվեց, ապա մեկընդմիշտ կզրկվի հայրենիքից, քանի որ վերջնական հայրենազրկումը մոտալուտ է։ Իսկ սթափվել՝ նշանակում է, որ Հայաստանում պետք է գան ազգային իշխանություններ, Հայաստանը հարաբերությունները խորացնի հարևան Իրանի ու Ռուսաստանի հետ։

«Ռուսաստանում ստորագրվեց ռուս-իրանական համապարփակ համագործակցության վերաբերյալ փաստաթուղթ։ Մեզ ընդամենը խելք է պետք, որպեսզի կարողանանք այդ ամենից օգտվել, բայց մինչ այդ պետք է հեռացնել հայրենիքը վաճառող ՀՀ օրվա իշխանությանը։ Հայաստանը կարող է շատ կարևոր օղակ դառնալ ռուս-իրանական այդ դաշինքում, կարող ենք ստանալ այն, ինչն անհրաժեշտ է ինքնաբավ դառնալու համար։

Այսօր մեր ժողովրդի մեջ այնքան են վատ առումով հակառուսականություն քարոզել, երբ խոսում ես հայ-ռուսական հարաբերություններից, փոքր եղբոր բարդույթ է առաջանում նրանց մեջ։ Իհարկե, մենք մեր հույսը պետք է մեզ վրա դնենք, բայց մեզ հուսալի դաշնակից է պետք, որը կարող է լինել Ռուսաստանը և Իրանը։ Կրկնում եմ՝ այդ աջակցությունը մեզ անհրաժեշտ է, որպեսզի ինքներս մեր մեջքը շտկենք»,-շեշտեց ռազմական փորձագետը։ Նա նաև հիշեցրեց՝ հայ-թուրքական հարաբերությունները երբեք չեն կարող բարելավվել։ Հայաստանը միայն կարող է մեջքն ուղղել ու կառավարելի դարձնել Թուրքիայից եկող վտանգները՝ դրանք մղելով երկրորդ պլան, ինչպես մինչև 2018 թվականն էր։ «Հետևաբար, Հայաստանից հանել ռուական զորակազմը, նշանակում է՝ վտանգն ավելի մոտեցնել երկրին. սա ում դուր կգա, ում դուր չի գա՝ ինձ բնավ չի հետաքրքրում»,- ընդգծեց Դավիթ Ջամալյանը։

Տեսանյութեր

Լրահոս