
Սամվել Բալասանյանի որդու խափանման միջոցը փոխել են․80 միլիոն դրամ գրավի կիրառմամբ՝ նորից տնային կալանք

Հակակոռուպցիոն վերաքննիչ քրեական դատարանը, որն անցած տարվա դեկտեմբերի 11-ին երկու ամսով երկարացրել էր Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդու՝ Խաչատուր Բալասանյանի կալանքի ժամկետը, երեկ փոխել է նրա խափանման միջոցը՝ 80 միլիոն դրամ գրավի կիրառմամբ նորից տնային կալանքի ենթարկելով։
Aravot.am-ին տեղեկությունը հաստատել են « Բալասանյան դաշինքից»։
Խաչատուր Բալասանյանը, որն անցնում է «Սև Բերդ» պատմամշակութային ամրոցի պետական սեփականություն հանդիսացող, օտարման չենթակա հարակից հողատարածքները հանցավոր ճանապարհով սեփականաշնորհելու քրեական վարույթով, ի սկզբանե 70 միլիոն դրամ գրավի կիրառմամբ տնային կալանքի էր ենթարկվել, սակայն անցած տարվա նոյեմբերի 15-ին դատարանն անսպասելիորեն փոխել էր նրա խափանման միջոցը՝ պատիժը կրելու համար ուղարկելով Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Նրան պահում էին խիստ ռեժիմի ներքո՝ բացի կնոջից, ընտանիքի մյուս անդամներին արգելելով տեսակցել։