Դա անգամ Պուտինն էր Նիկոլին ասել. դե 1 գիշերվա մեջ Հայաստանը մտցրե՛ք ԵՄ. պատրաստ եմ սպասել 1000 ու մեկ գիշեր, բայց հիշեք՝ վերջում ժողովուրդը ոչ թե սիրահարվելու է, այլ պատժելու է. Արմեն Աշոտյան
«5 հարց» հարցուպատասխանի շրջանակում քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել քաղբանտարկյալ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին, որոնց պատասխանները նա մեզ է հասցնում փաստաբանների միջոցով:
Հարց. «Եվրոպական Միությանը Հայաստանի միանալու խոսակցությունների ֆոնին կրկին շրջանավառվում է «մեկ գիշերվա մեջ մտցրին ԵԱՏՄ» թեման։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա»։
Արմեն Աշոտյան. Բովանդակային և փաստարկված հակադարձումներ այս դատարկ և պրիմիտիվ մանիպուլյացիաներին վաղուց տրվել են՝ թե անձամբ ՀՀ երրորդ նախագահի, թե իր թիմակիցների, թե գիտակ փորձագետների կողմից։
Իրականության մասին լավ գիտի նաև Նիկոլը, ով այս հարցը ուղիղ քննարկել է ՌԴ նախագահի հետ Սոչիում իրենց առաջին հանդիպման ընթացքում (2018-ի մայիսի 14-ին): Պուտինն իրեն ասել է, որ ՌԴ-ից որևէ ճնշում չի եղել, և ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության համար նախագահ Սարգսյանն է ժամանակին խնդրել իրեն։
Շեշտեմ, որ Սերժ Սարգսյանի այդ քայլի շնորհիվ է, որ մինչև իշխանազավթումը Հայաստանը խիստ մրցունակ էր նաև գեոպոլիտիկ իմաստով, մինչև Նիկոլը չսկսեց բոլոր ուղղություններով քանդել Հայաստանի անվտանգային միջավայրը։
Սարգսյանի այդ քայլի շնորհիվ է, որ Հայաստանը մինչև 2020 թվականը խուսափեց կրկնել Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ճակատագիրը։
ՀՀ երրորդ նախագահի այդ քայլի շնորհիվ է, որ տնտեսական իմաստով Հայաստանը դեռ շնչում է։
Ի վերջո, եթե, ըստ այդ վայրահաչոցները հնչեցնողների, հնարավոր է «մեկ գիշերվա մեջ» նման միություններ մտնել, ապա իրենց տերերից ակնկալում եմ մեկ գիշերվա մեջ Հայաստանը մտցնել ԵՄ։
Ավելին, հաշվի առնելով դրանց հեքիաթասաց «Շախերեզադա» էությունը, պատրաստ եմ սպասել 1000 ու մեկ գիշեր։ Բայց թող հիշեն, ի հակառակ արևելյան հեքիաթների հերոս Հարուն ալ Ռաշիդի, վերջում ժողովուրդը ոչ թե սիրահարվելու է նրանց, այլ պատժելու։