Կառավարությունը 6 ամսով երկարաձգեց խաղողի մթերումների համար վարկերի մարման ժամկետները
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 16-ի նիստում որոշեց փոփոխություններ կատարել Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում ըստ որի՝ ծրագրի շրջանակներում խաղողի մթերումների նպատակով 2022 թվականին տրամադրված վարկերի համար ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ կարող են մինչև 6 ամսով երկարաձգվել վարկերի մարման ժամկետները՝պայմանով, որ վարկերի մարման ժամկետների փոփոխության դեպքում 2022-ին տրամադրված բյուջետային երաշխիքների մարման ժամկետները չեն փոխվում։
Հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման ընդունումը պայմանավորված է վերջին շրջանում ՌԴ ռուբլու փոխարժեքի նվազման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողների մոտ առաջացող վնասների հետևանքով խաղողի մթերումների նպատակով ներգրավված վարկերի սպասարկման բեռը որոշակիորեն թեթևացնելով:
Ծրագրի շրջանակներում խաղողի մթերման նպատակով 2022 թվականին մինչև սեպտեմբերի 1-ը վարկերը տրամադրվել են մինչև 3 տարի մարման և 1 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 10 տոկոսային կետով, իսկ սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը՝ մինչև 4 տարի մարման և 2 տարի արտոնյալ ժամկետով, սուբսիդավորումը՝ 11 տոկոսային կետով։
Վերջին շրջանում ՌԴ ռուբլու փոխարժեքի նվազման հետևանքով արտարժույթով կնքված պայմանագրերի շրջանակներում ստացվող վճարումները ՀՀ դրամով փոխանակելու դեպքում տնտեսավարողները կրում են զգալի վնասներ և դժվարանում են սպասարկել ներգրաված վարկերը։
Վարկերի սպասարկմանը խոչընդոտում են նաև Վերին Լարսի սահմանային անցակետում եղանակային պայմանները, ինչպես նաև փորձաքննության և փորձաքննության արդյունքները ստանալու պատճառաբանությամբ կոնյակ արտահանող տրանսպորտային միջոցների տևական ժամանակով հատուկ պահպանվող տարածքում կանգնելու պատճառով մատակարարման ժամկետների խախտման հետևանքները։
Ըստ արտահանող տնտեսավարողների կողմից տրամադրված տեղեկատվության՝ լրացուցիչ փորձաքննության է ենթարկվում արտահանվող ընդհանուր քանակության մինչև12 տոկոսը, իսկ փորձաքննության արդյունքների հիման վրա որոշումները կայացվում են 30-ից մինչև 60 օրվա ընթացքում։ Այս դեպքերում կրած լրացուցիչ վնասներից (1 օրվա կտրվածքով 50-ից մինչև 200 ԱՄՆ դոլար վճարվում է բեռնափոխադրող կազմակերպությանը և 1000 ՌԴ ռուբլի՝ հատուկ պահպանվող տարածքի համար) բացի տնտեսավարողները չեն կարողանում ապահովել ապրանքի մատակարարումը ՌԴ-ի առևտրի ցանցերի հետ կնքված մատակարարման պայմանագրերում նշված ժամկետներում, ենթարկվում են մատակարարման ենթակա ընդհանուր խնբաքանակի արժեքի շուրջ 20 տոկոսի չափով տուգանքի և զրկվում են չմատակարարված խմբաքանակը հետագայում մատակարարելու հնարավորությունից, իսկ այդպիսի դեպքերը կրկնվելու դեպքում առևտրային ցանցերը սկսում են խուսափել տնտեսավարողների հետ մատակարարման պայմանագրեր կնքելուց, որն ազդում է նաև կոնյակի արտահանման ծավալների վրա։
Հարկ է նշել, որ Կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1416-Լ որոշմամբ2022 թվականին պտուղբանջարեղենի և կաթի մթերումների նպատակով վարկեր ներգրավածշահառուներին հնարավորություն է տրվելմինչև 6 ամսով երկարաձգել վարկերի մարման ժամկետները։
Նախագծի ընդունման և վարկերի մարման ժամկետների երկարաձգման հնարավորությունից բոլոր շահառուների օգտվելու դեպքում ըստ հաշվարկների 2025-2027 թվականներին կարող է առաջանալ շուրջ 255.5 մլն դրամի լրացուցիչ սուբսիդավորման գումար, որից շուրջ 54.9 մլն դրամ՝ 2025 թվականին, 180.3 մլն դրամ՝ 2026 թվականին և 20.3 մլն դրամ՝ 2027 թվականին։