Բաքուն հերքել է Վուչիչի հայտարարությունը. Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա
Ադրբեջանից Սերբիա գազի մատակարարման երկամսյա դադարեցման մասին հաղորդումները չեն համապատասխանում իրականությանը, հայտնում է ադրբեջանական AnewZ հեռուստաալիքը՝ հղում անելով կառավարության «հուսալի» աղբյուրներին։
Ադրբեջանական լրատվամիջոցի հաղորդմամբ, չնայած այն հանգամանքին, որ գազի մատակարարումը ժամանակավորապես կրճատվել է «Շահ Դենիզ Ալֆա» հարթակի տեխնիկական խնդրի պատճառով, աղբյուրները հավաստիացրել են, որ «Շահ Դենիզ Բրավո» հարթակը շարունակում է աշխատել ամբողջ հզորությամբ՝ ապահովելով արտահանման անընդհատությունը։ Սպասվում է, որ առաքումները շատ շուտով կվերսկսվեն։
Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Ադրբեջանից գազի մատակարարումը դադարեցվել է, ինչն ազդել է օրական 1,7 միլիոն խորանարդ մետր գազի մատակարարման վրա։
Սակայն ադրբեջանական կառավարական աղբյուրները վիճարկում են նրա այն ենթադրությունը, թե մատակարարումները վերսկսելու համար կպահանջվի մեկ կամ երկու ամիս՝ ընդգծելով, որ իրավիճակը վերահսկողության տակ է և ժամանակավոր բնույթ է կրում։
Նրանք հայտարարել են, որ «Շահ Դենիզ Բրավո» հարթակը շարունակում է աշխատել ամբողջ հզորությամբ, ինչը թույլ է տալիս, որ դեպի Ադրբեջան, Թուրքիա և եվրոպական շուկաներ գազի մատակարարումները հիմնականում անփոփոխ մնան։