Կոտայքի և Սյունիքի մարզերում անապահովության գնահատման նոր համակարգը կգործարկվի 2025 թ. մարտի 17-ից, մյուս մարզերում՝ 2026 թվականից

Կառավարությունն այսօր հավանություն է տվել նախագծի, որով սահմանվում է անապահովության գնահատման նոր համակարգի գործարկման ընթացակարգը։ Նախորդ տարի գործադիր և օրենսդիր մարմինների կողմից անհրաժեշտ օրենսդրական փաթեթների ընդունմամբ հիմք էր դրել անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման, ինչպես նաև սոցիալական աջակցության ծառայությունների բարելավման համար։

Կառավարության կողմից հաստատվել, Ազգային ժողովում երկու ընթերցում անցել և հաստատվել էին «Սոցիալական աջացության մասին» նոր օրենքը և «Պետական նպաստների մասին» օրենքի փոփոխությունները։

Այսօր ընդունված նախագծով հաստատվել է անապահովության գնահատման նոր կարգը՝ իր բանաձևով՝ պիլոտային կարգով 2 մարզերում կիրառելու նպատակով։

Նոր համակարգով՝ գործող ընտանեկան նպաստների փոխարեն ներդրվում է անապահովության նպաստ, որը ստանալու իրավունքը կտրվի այն ընտանիքներին, որոնց մեկ հաշվարկային անդամի հաշվով ամսական եկամտի չափը ցածր կլինի անապահովության սահմանային շեմից․ նշված շեմը 2025–ի համար այս նախագծով սահմանվում է 34․581 ՀՀ դրամ, որը Վիճակագրական կոմիտեի՝ Տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով 2024թ․ 3–րդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի չափն է (համաձայն օրենքի պահանջի)։

Նոր համակարգով պարտադիր է դառնում աշխատունակ անձանց պարտադիր ակտիվացումը կամ աշխատանքի տեղավորումը․ այսինքն՝ եթե աշխատունակ, բայց չաշխատող անձը դիմի նպաստ ստանալու համար, դա միաժամանակ դիտարկվելու է որպես աշխատանք փնտրելու հայտ և նախարարությունը նրան փորձելու է օգնել աշխատանք գտնելու հարցում․ աշխատանքի անցնելու դեպքում ընտանիքի եկամուտները 12 ամիս չեն հաշվարկվելու։

Աշխատանքի ձգտումը խրախուսելու նպատակով՝ ընտանիքների աշխատունակ, բայց չաշխատող անդամներին վերագրվելու է եկամուտ՝ նվազագույն պարենային զամբյուղի չափով։ Եկամուտի վերագրումից հետո վեց ամսվա ընթացքում աշխատանք ձեռք չբերելու կամ զբաղվածության ծրագրերի կամ միջոցառումների շահառու չդառնալու դեպքում հաջորդող ամիսների ընթացքում իրականացվելու է վերագրված եկամտի չափի բարձրացում՝ ամսական 10.000 ՀՀ դրամի չափով, բայց ոչ ավելի, քան Նվազագույն ամսական աշխատավարձի չափը:

Ընտանիքի անապահովության գնահատման արդյունքում որոշվելու է ընտանիքի անապահովության 4 աստիճան՝ ծայրահեղ անապահով, չափավոր անապահով, միջին անապահով, անապահով, որից կախված ընտանիքին հասանելիք սոցիալական ծառայությունների փաթեթը (անապահովության նպաստ, եռամսյա հրատապ օգնություն, կրթական, կոմունալ ծառայությունների և առողջապահական ոլորտի արտոնություններ և այլն) տարբեր է։

Առանձնացվելու է ընտանիքի անապահովության 4 աստիճան՝

· ծայրահեղ անապահով – ընտանիքը համարվելու է ծայրահեղ անապահով, եթե մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը ցածր է սահմանային շեմի արժեքից,

· չափավոր անապահով, եթե մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը հավասար է կամ բարձր է սահմանային շեմի արժեքից, սակայն չի գերազանցում սահմանային շեմի արժեքի 130 %-ը,

· միջին անապահով, եթե մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը հավասար է կամ բարձր է սահմանային շեմի արժեքի 130 %-ից, սակայն չի գերազանցում սահմանային շեմի արժեքի 160 %-ը

· անապահով, եթե մեկ հաշվարկային անդամի ամսական եկամուտը հավասար է կամ բարձր է սահմանային շեմի արժեքի 160 %-ից, սակայն չի գերազանցում սահմանային շեմի արժեքի 185 %-ը։

Տեսանյութեր

Լրահոս