Ոնց որ «Արևմտյան Ադրբեջանը» չի կարող լինի Ղազախից այս կողմ, Արևմտյան Հայաստանն էլ չի կարող լինի Արմավիրից այն կողմ․ Փաշինյան

Հերթական շոուում Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը քննարկել են 2025 թվականի նորամուտի Նիկոլ Փաշինյանի ուղերձը, իսկ թե ինչու են ընտրել հենց այդ ուղերձը՝ հարցի պատասխանը հնչեցնում են հպարտ դիտարկմամբ, որ ըստ ֆեյսբուքյան էջի վիճակագրության՝ դա ամենադիտվածն է։

«Ուղերձում ես ասում եմ, որ 2024 թվականը շրջադարձային կետ է Հայոց պատմության համար, և «իրական Հայաստանի» հայեցակարգը փոխվելու, վերափոխվելու հայեցակարգը․․․ և այն, որ «իրական Հայաստանը» պետք է դառնա գաղափարախոսություն բոլորիս համար,- վերհիշեց Նիկոլ Փաշինյանը, ապա դիմելով Աննա Հակոբյանին՝ հարցրեց,- Դու ինչպե՞ս ընկալեցիր այդ ամեն ինչը»։

Ի սատարում ամուսնու՝ Աննա Հակոբյանը նշեց․ «Նախ հետաքրքրությունն ուղերձի հանդեպ ես բացատրում եմ բացառապես ուղերձում նշված գաղափարների պաշտպանությամբ, ոչ միայն պաշտպանությամբ․ այլ հասունացել են այդ գաղափարները մեր մեջ, շարքային քաղաքացիներիս մեջ, և դրանով էլ, կարծում եմ, պայմանավորված է այդ մոտ 700 հազարից ավելի դիտումը ամանորյա ուղերձի համար ֆեյսբուքյան էջում»։

Այս ու այլ պարզաբանումներից և կցկտուր պրոլոգից հետո արդեն փոդքաստում Փաշինյան-Հակոբյան դուետը սկսեց քննարկել «իրական Հայաստան»-ի՝ առաջ քաշած իր թեզը։

Կարդացեք նաև

«Իրական Հայաստանի գաղափարախոսությունը պետք է զարգանա՝ նաև դառնալով իրական տարածաշրջանի գաղափարախոսություն։ Որովհետև տեսեք՝ հիմա ինչ իրավիճակ է։ Երբ Ադրբեջանից ժամանակ առ ժամանակ հնչում են հայտարարություններ Հայաստանի Հանրապետության մասին՝ օգտագործելով «Արևմտյան Ադրբեջան», մենք պետք է շատ հստակ դիրքորոշում որդեգրենք այս խնդրի կամ այս խոսույթի նկատմամբ։

Հայաստանի Հանրապետությունում չի եղել, չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան», դա ուղիղ ագրեսիվ հռետորաբանություն է ինքնիշխան պետության նկատմամբ։- պարզաբանեց Փաշինյանը՝ հավելելով,- Կոնցեպտուալ մակարդակում այդ ագրեսիվ հռետորաբանությանը հակակշռելու կամ հակազդելու ձևը ո՞րն է. հենց իրական Հայաստանը դրան հակազդելու և հակակշռելու ձևն է՝ արդեն իսկ արձանագրված միջազգային իրողությունների վրա, որ՝ կան երկրներ՝ իրենց տարածքային ամբողջականությամբ, իրենց ինքնիշխանությամբ, և այդ գիծն անցնելն արդեն նշանակում է դիմացինի ապրելու իրավունքն ինչ-որ առումով դնել կասկածի տակ»։

Ըստ նրա՝ «իրական Հայաստանի» մասին խոսակցությունն ապալեգիտիմացնում է դիմացինի խոսակցությունն այն մասին, որ ՀՀ-ն ապրելու իրավունք չունի։

«Երբ որ մենք մեր միջազգայնորեն ճանաչված տարածքով, սահմաններով բան ենք անում, մենք կառուցում ենք մեր անվտանգության հայեցակարգը։ Ասում ենք՝ սա մեր միջազգայնորեն ճանաչված տարածքն է, մենք այս տարածքից դուրս չունենք նկրտումներ և հավակնություններ։ Հայաստանի Հանրապետության տարածքում չի եղել, չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»՝ հենց այս հիմնավորմամբ, և այս կոնցեպտի վրա մենք կառուցում ենք մեր անվտանգությունը, հետևաբար՝ ոչ մեկը մեր պաշտպանվելու և պաշտպանունակ լինելու իրավունքը չի կարող վիճարկել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նկատառմամբ, որ նույնիսկ բանակ կառուցելը պետք է լինի իրական Հայաստանի կոնցեպտի վրա, որպեսզի չթիրախավորվի։

Փոդքաստի հաղորդավարն այս անգամ ևս զուգահեռներ տարավ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ պահանջի ու Արևմտյան Հայաստան պատմական հիմնավորման միջև։

«Իրական Հայաստանն իրական տարածաշրջանի մեջ է։ Ոնց որ «Արևմտյան Ադրբեջանը» չի կարող լինի Ղազախից այս կողմ, Արևմտյան Հայաստանն էլ չի կարող լինի Արմավիրից այն կողմ։ Արևմտյան Հայաստանը Արաքս գետում․․․ Արաքս գետի մոտ ավարտվում է։ Եվ սա մեր անվտանգության կոնցեպտն է։ Մենք սրա վրա ենք կառուցում անվտանգությունը։ Սա այն բանաձևն է, որը մեզ թույլ է տալու մեր միջավայրում ապրել»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս