Թուրքիան նորից սպառնում է քրդական ուժերին
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել «CNN Türk»-ին, որտեղ անդրադարձել է Սիրիայում տեղի ունեցած զարգացումներին։ Ֆիդանը խոսելով Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող կազմակերպությունների՝ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և «Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի» (YPG) մասին նշել է, որ պետք է վերջ դրվի Սիրիայում նրանց ներկայությանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Արտգործնախարարի խոսքով՝ եթե քրդական ուժերը զենքերը վայր չդնեն, ինչպես ասվել էր նախկինում, ապա անհրաժեշտ ռազմական գործողություններ կձեռնարկվեն։
Անդրադառնալով Սիրիայի ժամանակավոր կառավարությանը՝ Ֆիդանն ընդգծել է, որ Սիրիայում առաջնահերթությունը կառավարությունն է, որը կապահովի միջազգային երկխոսությունը։
«Այս պահին թիվ մեկ խնդիրն է ստեղծել կառավարություն, որը կծառայի ժողովրդին և հնարավորինս արագ կապահովի միջազգային շփումները: Ահմեդ Շարան չունի պետության պաշտոնական ղեկավարի կոչում։ Նա նշանակել է 3 նախարար, բայց մշտական կառավարությունը պետք է նշանակվի, քանի որ միջազգային հանրությունը սպասում է այնտեղ օգնություն ցուցաբերելու և տեխնիկական համագործակցության համար»,- եզրափակել է նա։