![](/banners/BeFunky-design.jpg)
Եվրոպան Թրամփի օրոք պաշտպանության վրա պետք է ծախսի ՀՆԱ-ի 4,5%-ը. FT
![](https://168.am/wp-content/uploads/2020/03/upload-2020-01-22T120821Z_614145987_RC20LE9KN0ET_RTRMADP_3_DAVOS-MEETING-pic4_zoom-1500x1500-38056.jpg)
ՆԱՏՕ-ի ռազմական վերլուծաբանները կարծում են, որ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ի մեկուսացման մոտեցման դեպքում եվրոպական անդամ երկրները պետք է ծախսեն պաշտպանության վրա ՀՆԱ-ի 4,5%-ը։ Այս մասին հայտնում է բրիտանական Financial Times (FT) թերթի սյունակագիր Գիդեոն Ռահմանը։
Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ը հավատարիմ մնա ՆԱՏՕ-ին, ապա եվրոպական երկրների պաշտպանական ծախսերը դեռ պետք է հասնեն ՀՆԱ-ի 3%-ին՝ ներկայիս 2%-ից՝ պայմանավորված ՌԴ Զինված ուժերի հզորացմամբ։ Հոդվածագիրը նշել է, որ նույնիսկ այս նպատակը դժվար կլինի պետությունների մեծ մասի համար:
Ներկայումս Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա ծախսում է ՀՆԱ-ի մոտ 2,3%-ը: Ռահմանը մատնանշում է, որ Եվրոպայի մյուս խոշորագույն երկրները՝ Գերմանիան և Ֆրանսիան, անցյալ տարի դժվարացել են ՀՆԱ-ի 2%-ը հատկացնել ռազմական կարիքներին: Հոդվածագիրը հավելել է, որ Լոնդոնի և Փարիզի համար խնդրահարույց կլինի կտրուկ ավելացնել պաշտպանական ծախսերը՝ ՀՆԱ-ի 100%-ը գերազանցող պետական պարտքի բարձր մակարդակի պատճառով։ Միաժամանակ, Գերմանիան, նրա կարծիքով, ընդհակառակը, ունի արդյունաբերական մեծ ներուժ՝ պետական պարտքի ցածր մակարդակով (ՀՆԱ-ի 60%-ից մի փոքր ավելի):
Ռահմանն ընդգծել է, որ Քրիստոնեա-դեմոկրատական միության (CDU) առաջնորդ, Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը, ով համարվում է գալիք խորհրդարանական ընտրությունների ֆավորիտը, «լրջորեն է վերաբերվում Ռուսաստանի սպառնալիքին» և Բեռլինը «կարող է պատմական անցում կատարել» ռազմական կարիքների համար ծախսերի ավելացմանը։ Ըստ հոդվածագրի՝ նման քայլը կբերի Եվրոպայում անվտանգության բարձրացման։