Քրքումը կարող է պայքարել միգրենի դեմ
Ինչպես պնդում են փորձագետները, քրքումը, որը լայն տարածում ունի ասիական խոհանոցում, կարող է թեթևացնել գլխացավը։ Բանն այն է, որ քրքումի ակտիվ բաղադրիչը` քրքումինը, հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկություններ ունի։
Այս հարցում գիտնականների մոտեցումները հակադիր բևեռներում են: Վերջերս Մինեսոտայի և Իլինոյսի համալսարանների հետազոտողները քրքումի օգտակար հատկությունները կասկածի տակ էին դրել՝ պնդելով, որ քրքումինը դժվար է յուրացվում, այդ իսկ պատճառով դրա օգտագործմամբ արդյունքի հասնելը դժվար է։
Սակայն իրանցի գիտնականների վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ Օմեգա 3 ճարպաթթուների և քրքումինի համադրությունը շատ արդյունավետ է. այն ճնշում է նյարդային թելերի բորբոքում և գլխացավ առաջացնող TNF (Tumor necrosis factor)-ի սինթեզը։
Վերը նշված համադրության շնորհիվ հետազոտության մասնակիցների մոտ նվազել է միգրենի նոպայի կրկնման հաճախականությունը։ հիմնվելով այս ուսումնասիրության վրա՝ դիետոլոգ Վանեսսա Ռիզետտոն միգրենի նոպայի կանխարգելման համար խորհուրդ է տալիս օրական 3 թեյի գդալ քրքում օգտագործել։