Փաշինյանը ոչնչացնում է հայկական բանակը, երբ Ալիևը Խաղաղության պայմանագիր չի էլ կնքելու. Արմեն Մանվելյան
Նիկոլ Փաշինյանը կրճատում է Հայաստանի բանակի թվակազմը. դա անում է Ալիևի պահանջով. 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով ադրբեջանական կողմից հայկական կողմի առաջ դրվող պահանջների և դրանց կատարման ընթացքի մասին, նման տեսակետ հայտնեց «ՀայաՔվե» միավորման անդամ Արմեն Մանվելյանը։
«Փաշինյանն ասաց, որ հայկական բանակը պետք է համապատասխանի խաղաղության տրամաբանությանը. սա խիստ վտանգավոր է, որովհետև դա նշանակում է, որ Հայաստանի բանակը պետք է կրճատվի, ինչը հենց Ալիևի պահանջն է։ Սա գործընթաց է, որն իրականացվում է ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, այլ նաև ՀՀ իշխանության, որը Հայաստանի թշնամին է»,- ընդգծեց Արմեն Մանվելյանը։
Նրա դիտարկմամբ՝ նույն նպատակին է միտված նաև բանակի կերպափոխման վերաբերյալ այն հայեցակարգը, որը ներկայացվել է Հայաստանի Պաշտպանության նախարարությունում։
«Իրականության մեջ մենք բանակում լրիվ այլ պատկեր ունենք, սրանց օրոք բանակի խնդիրներն ավելի են խորացել։ Ընդունել են բանակի կերպափոխման հայեցակարգ, որը նշանակում է՝ բանակի փոքրացում։ Շատ մանրամասն կարդացել եմ այդ հայեցակարգը։ Այն հայկական բանակի ոչնչացման մասին է։ Ասում են, թե, այսպես կոչված, պրոֆեսիոնալ բանակ են ուզում ստանալ, բայց իրականում ստանալու են ոստիկանությունից մի փոքր մեծ կառույց, որն ընդամենը կզբաղվի սահմանների պաշտպանությամբ։ Սա հենց Ալիևի պահանջն է,- ասաց Արմեն Մանվելյանը՝ հավելելով,- Իսկ Ադրբեջանը Հայաստանի հետ Խաղաղության պայմանագիր չի կնքելու»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։