Դավաճանների, հողատուների ու կապիտուլյանտների հետ չեն բանավիճում. դրանց համար տեղ կա՝ պատմության աղբանոց, ու հատուցման ձև՝ պատմության դատաստան. Էդուարդ Շարմազանով
«ՀՀ նախկին երեք նախագահները Ղարաբաղը տալիս էին, Ալիևն էլ ասում էր՝ չէ՜, չեմ ուզում, ես սպասում եմ Իջևանից Նիկոլը գա ու պարտադիր Նիկոլի ձեռքից վերցնե՞մ… Բա սա գժություն չէ, ի՞նչ է»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն այնքան քաղաքական կշիռ չունի, որ Իլհամ Ալիևը մինչև հիմա ասում է՝ ես հաղթել եմ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի բանակին:
«Նիկոլ, բա եթե, ըստ քեզ՝ Սերժ Սարգսյանը բանակցել է Ղարաբաղը հանձնելու շուրջ, 2016թ․ հոկտեմբերի 7-ին Ալիևը ո՞նց էր ասում՝ միջազգային հանրությունը փակ դռների հետևում մեզ պարտադրում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Բացի դրանից, 2023թ․ հունվարին Իլհամ Ալիևն ինքն է ասել, որ ոչ միայն ԼՂԻՄ նախկին տարածքը, այլև Լաչինի և Քելբաջարի շրջաններն էին մնալու հայերին»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամը:
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանն իշխանազավթումից հետո անձամբ հայտարարել է, որ բանակցությունները սկսում է իր սեփական կետից՝ զրոյական կետից։
«Ինքը չէ՞ր Ազգային ժողովում ասել՝ ինչ պետք է, այն էլ բանակցում եմ։ Նիկոլ Փաշինյանի ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն էր ասում՝ նոր պատերազմ, նոր տարածքներ։ Նիկոլ Փաշինյանն է Արցախում հայտարարել՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», Փաշինյանն է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ մեջբերել Մինսկի խմբի համանախագահների խոսքը, որ՝ «Նույնիսկ Ալիևն է հասկանում, որ Ղարաբաղը մնալու է հայերին»,- ասաց քաղաքական գործիչը:
Վերջինս նկատեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ ճիշտ է պատասխանել Նիկոլի բանավեճի հրավերին՝ ուզում է բանավիճել, թող գնա ինքն իր հետ բանավիճի․ վերջում կպարզվի, որ երկուսն էլ սուտասան են։
«Սերժ Սարգսյանի բանակցած Կազանյան փաստաթղթից հրաժարվել է Ադրբեջանը, և այդ մասին հրապարակավ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը։ Նիկոլ Փաշինյանն ինքն է ասել, որ Կազանյան փաստաթուղթը երբևէ բանակցած լավագույն փաստաթուղթն էր։ Մեզ հետ հանդիպման ժամանակ Փաշինյանն ասել է, որ Ալիևն իրեն ասել է, որ ինքն է հրաժարվել ստորագրել Կազանյան փաստաթուղթը։ Եթե, ինչպես Նիկոլն է ասում հիմա, Կազանյան փաստաթուղթը Ղարաբաղը հանձնելու մասին էր, Ալիևն ինչի՞ հրաժարվեց ստորագրել այն։
Եթե Սերժ Սարգսյանը բանակցում էր Ղարաբաղը հանձնելու համար, ո՞նց էր նա ԵԱՀԿ գագաթնաժողովում հայտարարում՝ եթե Ադրբեջանը դիմի պատերազմի, կճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։ Բա մեկը չկա՞ր այդտեղ՝ Սերժ Սարգսյանի այդ ելույթի ժամանակ ասեր՝ էդ ի՞նչ եք ասում, մենք բանակցում ենք Ղարաբաղը հանձնելու մասին, իսկ դու, Սերժ Սարգսյան, ճանաչելուց ե՞ս խոսում։
Սերժ Սարգսյանը մշտապես է խոսել Արցախի ինքնորոշման իրավունքի մասին։ Էդ մեկն ինչի՞ նրան մի օր չասաց՝ ի՞նչ ինքնորոշման իրավունք։ Էլ չեմ ասում CEPA-ի մասին, որը վավերացրել է Եվրոպայի 27 երկիր, որում գրված է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մասին»,- ասաց ԱԺ նախկին փոխխոսնակը:
Հիշեցնենք, 2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև ստորագրվեց «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» (ՀԸԳՀ): Եվրամիությունը, որն ամբողջովին ներկա էր Գրանադայում, ունի Հայաստանի հետ ստորագրած փաստաթուղթ, որը կոչվում է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր (CEPA): Դրանում սևով սպիտակի վրա գրված է, որ ամբողջ Եվրամիությունն օժանդակում է Արցախի ինքնորոշման իրավունքին, տարածքային ամբողջականությանը, ուժի չկիրառման հիման վրա կոնֆլիկտի լուծմանը:
Էդուարդ Շարմազանովը նշեց՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է հանրությանն արհեստական բանավեճ մատուցել, որ մարդիկ մոռանան իր հիմնական հանցագործությունը՝ 5000 տղայի զոհելը, Արցախի հայաթափումը…
«Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, երբ ԱԺ-ում ասել է՝ պատերազմի արդյունքը նույնը կլիներ, միայն թե առանց զոհերի։ Սա դահիճի ցուցմունք է։ Դահիճի, հանցագործի հետ ի՞նչ բանավիճես։
«30 տարի Ադրբեջանը պարտված է եղել միջազգային բոլոր հարթակներում»,- սա ուղիղ մեջբերում է, Նիկոլ, քո՛ կառուցողական գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի խոսքից։ Էդ 30 տարիների ընթացքում, Նիկո՛լ, Հայաստանի նախագահներն էին Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Սեդրակի Քոչարյանն ու Սերժ Ազատի Սարգսյանը… Նիկոլն ԱԺ-ում ամենախայտառակ բանն է հայտարարել՝ ասելով՝ Հայաստանը կադաստրի վկայական չունի։ Դավաճանների, հողատուների ու կապիտուլյանտների հետ չեն բանակցում։ Դրանց համար տեղ կա՝ պատմության աղբանոց, ու հատուցման ձև՝ պատմության դատաստան»,- ասաց Շարմազանովը:
Մանրամասները՝ տեսանյութում: